ԷԶՐԱՍ ՀԱՍՐԱԹՅԱՆ
Ֆիզիոլոգ,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1903թ. մայիսի 31-ին Արևմտյան Հայաստանում` Բիթլիսի նահանգի Խլաթի գավառի Մեծք գյուղում:

1926թ. ավարտել է ԵՊՀ գյուղատնտեսական, իսկ 1930թ.` բժշկական ֆակուլտետը: 1930-1938թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, իսկ 1935-1941թթ.` Վ.Բեխտերևի անվան ուղեղի ինստիտուտի կենտրոնական նյարդային համակարգի բաժնի վարիչ, միաժամանակ` մանկավարժական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: 1941-1943թթ. Է.Հասրաթյանը դասախոսել է Տաշքենդի բժշկական ինստիտուտում: 1944-1950թթ. ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ նյարդային համակարգի պլաստիկության լաբորատորիան: 1950-1952թթ. եղել է Մոսկվայի բարձրագույն նյարդային գործունեության ինստիտուտի տնօրեն, 1953-1960թթ.` ԽՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ԿՆՀ-ի լաբորատորիայի վարիչ, իսկ 1950-1960թթ` միաժամանակ` Մոսկվայի բժշկական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: 1960-ից աշխատել է բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն և պայմանական ռեֆլեքսների լաբորատորիայի վարիչ:

Է.Հասրաթյանը 1936թ. ստացել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1938թ.` պրոֆեսորի կոչում, 1939թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, 1947-ին` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:

Նրա գիտական աշխատանքների հիմնական բնագավառը բարձրագույն նյարդային գործունեության ուսումնասիրությունն էր:

Նյարդային համակարգի հարմարողական պլաստիկության վերաբերյալ գիտնականի հետազոտությունները համաշխարհային ճանաչում են ստացել: Նա հիմնավորել է արգելակման պրոցեսի բուժիչ և պաշտպանիչ դերը, մշակել նոր մեթոդ` վնասվածքային, այրվածքային, ջերմային շոկի կանխորոշման և բուժման համար:

Է.Հասրաթյանի առաջարկած հակաշոկային հեղուկները մեծ կիրառություն գտան Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Նրա ղեկավարությամբ գիտական մկրտություն են ստացել շատ հայ երիտասարդ ֆիզիոլոգներ, որոնք հետագայում Հայաստանում հիմք դրեցին ֆիզիոլոգիայի զարգացմանը:

Նա եղել է «Журнал высшей нервной деятельности им. академика Павлова» ամսագրի գլխավոր խմբագիր, արտասահմանյան բազմաթիվ գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ, «Ինտերմոզգ» միջազգային գիտական կազմակերպության նախագահ:

1974թ. Է.Հասրաթյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, «Կարմիր աստղ» շքանշաններով, 1963թ.` Պավլովի անվան ոսկե, 1975թ.` Պուրկինյեի անվան մեդալներով: Վախճանվել է 1981թ. ապրիլի 24-ին Մոսկվայում:
ԷԶՐԱՍ ՀԱՍՐԱԹՅԱՆ
1903-1981