ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ
Գրականագետ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ


Ծնվել է 1934թ. հունիսի 22-իՆ Իջևանում: 1952թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1958թ.` ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: 1958-1959թթ. աշխատել է Իջևանի շրջանային թերթում որպես գրական աշխատող, 1959-1961թթ. ՀԼԿԵՄ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար: 1961-1964թթ. Գ.Անանյանը սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1965թ. պաշտպանել է թեկնածուական, 1982թ.` դոկտորական ատենախոսություն: 1983թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1965 թվականից Գ.Անանյանն աշխատել է ԵՊՀ-ում որպես դասախոս , 1977-1985թթ. զբաղեցրել է նաև համալսարանի հրատարակչության տնօրենի պաշտոնը: 1985-1996թթ. նա բանասիրության ֆակուլտետի դեկանն էր, 1987-2000թթ. ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը, իսկ 1999-ից` ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկանը: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Գ.Անանյանը հեղինակ է 30 գրքի, 100 գիտական, ավելի քան 200 հրապարակախոսական հոդվածների: Նրա գիտական հետազոտությունների արդյունք են «Սովետահայ գրականության կեսդարյա ուղին» (Եր., 1970), «Հայ գրականությունը «Մուրճ» ամսագրում» (Եր., 1972), «Սովետահայ պոեզիան Մեծ հայրենականի տարիներին» (Եր., 1973) ուսումնասիրությունները, «Որոնումներ» (Եր., 1974), «Հոդվածներ» (Եր., 1981) ժողովածուները, հայոց հին և միջնադարյան հրապարակախոսությանը նվիրված ակնարկները և այլն: Նրա ղեկավարությամբ շուրջ մեկուկես տասնյակ ասպիրանտներ ու հայցորդներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն:

1974 թվականից Գ.Անանյանը ԽՍՀՄ գրողների միության, 1986-ից`Հայաստանի ժուռնալիստների միության անդամ էր:

Վախճանվել է 2007թ. նոյեմբերի 20-ին Երևանում:
ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ
1934-2007