ԳԵՈՐԳ ԱՍԱՏՈւՐ
Արևելագետ, մանկավարժ, թարգմանիչ

Ծնվել է 1868թ. հուլիսի 19-ին Թիֆլիսում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Բարձրագույն կրթություն է ստացել Պետերբուրգում` արևելյան լեզուների և հնագիտության ինստիտուտներում: 1884 թվականից Գ.Ասատուրն աշխատել է սկզբում Թիֆլիսում, ապա` Պետերբուրգում բանկի կենտրոնական վարչությունում, այնուհետև հայկական դպրոցներում` որպես ուսուցիչ և վերատեսուչ: Նա սկսել է գրել վաղ հասակից: Առաջին բանաստեղծությունը «Աղբյուր» ամսագրում լույս է տեսել 1887թ.: «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներից բացի` ստեղծագործական աշխատանք է ծավալել նաև «Մուրճ», «Ազգագրական հանդես» պարբերականներում: Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Գ.Ասատուրը եկել է Հայաստան և ձեռնամուխ եղել գիատամանկավարժական և թարգմանչական գործունեության: 1921թ. հրավիրվել է ԵՊՀ և տասը տարի պատմագրական ֆակուլտետում կարդացել վրաց և պարսից լեզուների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ու Անդրկովկասի գրականության պատմության դասընթացներ:

Գ .Ասատուրի գրչին են պատկանում «Հայավանդը», «Նմուշներ վրաց պոեզիայից», «Անհետացած Թիֆլիսը» արձակ, ինչպես նաև «Արևելքի լեգենդները» չափածո երկերը: Նա Սայաթ-Նովայի լավագույն գիտակներից էր և մեծ վաստակ ունի բանաստեղծի ստեղծագործությունների լուսաբանման, անհայտ երգերի հայտնաբերման, կենսագրական ու տեքստաբանական շատ խնդիրների լուծման ասպարեզում: Գ.Ասատուրը հայտնի է նաև որպես թարգմանիչ: Հին վրացերեն բնագրից թարգմանել է Շոթա Ռուսթավելու « Ընձենավորը» ստեղծագործությունը: Պարսկերենից նրա թարգամնությունների թվին է պատկանում Ֆիրդուսու «Ռոստամ և Զոհրաբ» պոեմը:

Գ.Ասատուրը վախճանվել է 1937թ. հոկտեմբերի 7-ին Թբիլիսիում:
ԳԵՈՐԳ ԱՍԱՏՈւՐ
1868-1937