ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐՅԱՆ
Գրականագետ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Ծնվել է 1913թ. սեպտեմբերի 18-ին Ղափանի շրջանի Ծավ գյուղում: Տարրական կրթությունն ստացել է տեղի դպրոցում:

1922թ. տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), ավարտել միջնակարգ դպրոցն ու աշխատանքի անցել տեքստիլ գործարանում: Գ.Հայրյանի բանաստեղծական նախափորձերը տպագրվել են «Մանածագործ» թերթում:

1938թ. ավարտելով Մոսկվայի ժուռնալիստիկայի համամիութենական ինստիտուտը՝ Գ.Հայրյանը աշխատանքի է անցել «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագրությունում: 1941-1946թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1949-ին ավարտել է Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը: Մինչև 1954թ. «Պրավդա»-ի սեփական թղթակիցն էր Հայաստանում, 1954-1961թթ. եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1961-1966թթ.՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար:

1965թ. Գ.Հայրյանը պաշտպանել է թեկնածուական, 1968թ.` դոկտորական ատենախոսություն: 1969թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1967-1979թթ. նա եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի նախագահ, 1979 թվականից՝ «Սովետական գրող» հրատարակչության տնօրեն: 1949-1975թթ. (ընդմիջումներով) դասախոսել է ԵՊՀ-ում: 1962-1971թթ. ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչն էր:

Գեղարվեստական, գրականագիտական բազմաթիվ գրքերի հեղինակ է: Հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, արձակ գործեր: Հիշարժան են նրա «Նոր հերոսի որոնման ճանապարհին» (Եր., 1965), «Գրականության գլխավոր պրոբլեմը» (Եր., 1969), «Սերո Խանզադյան» (Եր., 1975) գրականագիտական ուսումնասիրությունները, «Փառք և տառապանք» (Եր., 1999) հիշողությունների գիրքը:

Գ.Հայրյանի սցենարով նկարահանվել են «Ասք մեծ ճշմարտության մասին» (1968), «Սիլվա Կապուտիկյան» (1978) և այլ վավերագրական, ինչպես նաև «Հեղկոմի նախագահը» (1977) գեղարվեստական ֆիլմերը:

Գ.Հայրյանը 1954-1974թթ. եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ 49-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով և մի շարք մեդալներով:

Վախճանվել է 1999թ. նոյեմբերի 8-ին Երևանում:
ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐՅԱՆ
1913-1999