ԳՐԻԳՈՐ ԱՐԵՇՅԱՆ
Բժիշկ , պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1881թ. հունվարի 7-ին Թիֆլիսի նահանգի Աղբուլաղ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Թելավի շրջանի Սացխենիսի դպրոցում, իսկ միջնակարգը` Թիֆլիսի գիմնազայում, որն ավարտել է 1902թ: 1903թ. Սանկտ Պետերբուրգի ռաղմաբժշկական ակադեմիայում մեկ տարի սովորելուց հետո առողջական վատ վիճակի պատճառով տեղափոխվել է Կիև և ուսումը շարունակել տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետում:

1909թ. աշխատանքի է անցել Կիևի պրոֆ. Պիսեմսկու կլինիկայում, սակայն 1911թ. զորակոչվել է և մինչև 1913թ. ծառայել Վարշավայի ռազմական օկրուգում որպես գնդի բժիշկ: Զորացրվելուց հետո վերադարձել է Թիֆլիս, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին կրկին զորակոչվել և գործուղվել է Կովկասյան ռազմաճակատ:

1916թ. հիվանդության պատճառով եկել է Թիֆլիս և 3 տարի աշխատել որպես օրդինատոր: 1919թ. Գ.Արեշյանը հրավիրվել է Երևան, որտեղ նրա ջանքերով հիմնադրվել է Հայաստանի առաջին մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը: 1920թ. նա կազմակերպել է մանկաբարձական դպրոց, որտեղ դասավանդել է մանկաբարձություն և գինեկոլոգիա:

Գ.Արեշյանի մանկավարժական և գիտահասարակական գործունեության բուռն շրջանը կապված է Երևանի համալսարանի հետ: Նա հիմնել և ղեկավարել է ԵՊՀ մանկաբարձության և կանանց հիվանդություններ ի ամբիոնը, ինչպես նաև հանրապետության առժողկոմատի` մոր և մանկան առողջության պահպանման բաժինը:

1928թ. Գ.Արեշյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1930-1935թթ. մնալով ամբիոնի վարիչի պաշտոնում` միաժամանակ ստանձնել է Երևանի նորաստեղծ բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի դեկանի պարտականությո ւնները:
1932թ. Գ.Արեշյանը Երևանում կազմակերպել է մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, զբաղվել Հայաստանում այդ տարիներին լայն տարածում գտած հիվանգությունների , մասնավորապես մալարիայի հետևանքով կանանց մոտ առաջացած ախտաբանական պրոցեսների պարզաբանմամբ ու բուժմամբ:

1935թ. նա արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1957թ. ապրիլի 23-ին Երևանում:

1957-ից Գ.Արեշյանի անունով է կոչվում Երևանի մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկան:
ԳՐԻԳՈՐ ԱՐԵՇՅԱՆ
1881-1957