ԳՐԻԳՈՐ ՉՈւԲԱՐՅԱՆ
Իրավաբան, հրապարակախոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1888թ. հուլիսի 6-ին ԴոնիՌոստովի Նախիջևանի շրջանի հայաբնակ Թոփտի գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի Նախիջևանում, ապա ընդունվել Յարոսլավլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

Դրսեկությամբ միաժամանակ ավարտել է նաև Մոսկվայի համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1913թ. վերադարձել է Դոնի-Ռոստով և զբաղվել փաստաբանությամբ ու լրագրական գործունեությամբ:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մշտական բնակություն է հաստատել Երևանում: 1920-1924թթ. վարելով ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարի առաջին տեղակալի պաշտոնը` Գ.Չուբարյանը ղեկավարել է հանրապետության կարևորագույն օրենսդրական ակտերի, առանձնապես նրա առաջին՝ 1922թ. Սահմանադրության, քրեական դատավարության և հողային օրենսգրքերի, դատարանակազմության, այլ օրենսդրականիրավական ակտերի և դեկրետների մշակման, կոդավորման և հրատարակման գործը` անձամբ մշակելով մի շարք օրենքների նախագծեր:
1920թ. Գ.Չուբարյանը հրավիրվել է ԵՊՀ և դասախոսել մինչև 1937թ.: Ենթարկվել է բռնաճնշումների ու հալածանքների, աքսորվել, այնուհետև արդարացվել է և շարունակել աշխատանքը ԵՊՀ-ում: 1957-1962թթ. վարել է պետական իրավունք, սովետական իրավունք, սովետական սահմանադրություն, քրեական դատավարություն, քրեական իրավունք, հռետորական արվեստ դասընթացները:

Գ.Չուբարյանը մեծ ավանդ ունի հայ իրավաբանական գիտական տերմինաբանության ստեղծման գործում: Նա քաջածանոթ էր փիլիսոփայական և հասարակականքաղաքական մտքի, ինչպես նաև հայ ժողովրդի պատմությանը, գրականության և արվեստի պատմությանը: Նրա գրչին են պատկանում մի շարք աշխատություններ և ծավալուն գիտական հոդվածներ, որոնք 1910-1930թթ. հրատարակվել են հայ պարբերական մամուլում:

1961թ. նա արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1962թ. սեպտեմբերի 6-ին Երևանում:

Գ.Չուբարյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնականմանկավարժի դերը համալսարանի կայացման և համալսարանական գիտության ու կրթության զարգացման գործում:
ԳՐԻԳՈՐ ՉՈւԲԱՐՅԱՆ
1888-1962