ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1875թ. դեկտեմբերի 7-ին Շուշիում: Տեղի թեմական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Բեռլինի համալսարանում:

1903թ. Հայդելբերդի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել քիմիական գիտությունների դոկտորի աստիճան: Վերադառնալով Շուշի՝ 1904-1907թթ. քիմիա է դասավանդել տեղի դպրոցներում: Այնուհետև Ստրասբուրգի ու Բեռլինի համալսարաններում զբաղվել է ֆիզիկական քիմիայի ու մանրէաբանության ուսումնասիրությամբ:

1907-1920թթ. Հ. Հովհաննիսյանը Բաքվում ղեկավարել է քիմիա-մանրէաբանական լաբորատորիան: 1917թ. նա ընդունվել է կոմկուսի շարքերը, դարձել եռանդուն քաղաքական գործիչ: 1918թ. եղել է Բաքվի կոմունայում փախստականների գործերի կոմիսար: 1920-1921թթ. աշխատել է Շուշիում և Դիլիջանում, 1921թ.՝ փոխադրվել Երևան և աշխատել ժողկոմխորհում:

1922-1930թթ. Հ.Հովհաննիսյանը եղել Է ԵՊՀ ռեկտոր: 1924թ. նա համալսարանում ստեղծել է կենսաքիմիայի ամբիոն, որը հետագայում նրա ղեկավարությամբ մինչև 1937թ. գործել է բժշկական ինստիտուտում: 1925թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1930-1936թթ. աշխատել է որպես բժշկական ինստիտուտի տնօրեն: 1936թ. սեպտեմբերին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի կենդանաբանական ինստիտուտի տնօրեն:

Հ. Հովհաննիսյանի գիտական աշխատանքներից հատկապես արժեքավոր են С վիտամինի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունները: Հեղինակ է նաև հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների: Բժշկական ինստիտուտի, նրա ամբիոնների և կլինիկաների կազմակերպման, դրանց ամրապնդման և նույնիսկ ինստիտուտի ժամանակակից շենքի կառուցման աշխատանքները սերտորեն կապված են Հ. Հովհաննիսյանի անվան հետ:

Հ. Հովհաննիսյանը գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանում քիմիական արդյունաբերության և գիտության զարգացման խնդիրների մշակմանը, աճեցրել բազմաթիվ կադրեր:

Նա բազմիցս եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի վերստուգիչ հանձնաժողովի, ինչպես և Հայաստանի Կենտգործկոմի անդամ:

1935թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Հ.Հովհաննիսյանը ստալինյան բռնարարքների զոհերից է: Նրա գիտական և հասարակական գործունեությունն ընդհատվել է 1937թ.:

Վախճանվել է 1941թ. դեկտեմբերի 22-ին աքսորավայրում: Արդարացվել է հետմահու:
ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1875-1941