ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ
Գեղանկարիչ, մանկավարժ,
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ


Ծնվել է 1883թ. դեկտեմբերի 15-ին Ախալցխայում: Սովորել է Վլադիկավկազի քաղաքային վարժարանում: 1900թ. ավարտել է վարժարանը, մեկնել Մոսկվա և 1900-1901թթ. աշակերտել ոսկերիչ-փորագրիչ Պրուսովին:

1905-1907թթ. Հ.Կոջոյանը սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, ապա երկու տարի ապրել Փարիզում:

1909թ. վերադարձել է Վլադիկավկազ և զորակոչվել բանակ: 1912-1914թթ. աշխատել է Մոսկվայում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կրկին զորակոչվել է բանակ:

1918թ. Հ.Կոջոյանը հաստատվել է Հայաստանում և նույն թվականին Ն.Մառի հնագիտական արշավախմբի հետ մասնակցել Անիի պեղումներին: Հայոց մայրաքաղաքում անցկացրած օրերի տպավորությունները հետագայում արտահայտվել են նրա «Անիի ավերակները» (1919) նկարում: 1920թ. հուլիսին Հ.Կոջոյանը ճարտարապետ Ալ.Թամանյանի նախագծով ստեղծել է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

1921թ. փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Հ.Կոջոյանը հեռացել է Պարսկաստան և հաստատվել Թավրիզում: 1922թ. Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով նկարիչը վերադարձել է Երևան:

Ճարտարապետ Կ.Հալաբյանի և նկարիչ Ս.Առաքելյանի հետ Հ.Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ: 1923թ. նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի:

1924-1930թթ. Հ.Կոջոյանը ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում ապագա ճարտարապետներին դասավանդել է նկարչություն, իսկ 1930-ից շարունակել է աշխատանքը նորաստեղծ ԵՐՊԻ-ում:

1925թ. նա մի շարք նշանավոր նկարիչների հետ իրականացրել է «Խորհրդային Հայաստանի հինգ տարին» ժողովածուի ձևավորումը, մասնակցել ՀԽՍՀ պետական զինանշանի էսքիզների ցուցահանդեսին:

1920-ականներին նրա ստեղծած նշանավոր գործերից է «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքը: Հետագայում ևս շարունակել է ստեղծագործել գրքային գրաֆիկայի ասպարեզում. 1925թ. նկարազարդել է Ստ.Զորյանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները` Հ.Թումանյանի «Գիքորը» և «Տերն ու ծառան», 1933թ.` Ե.Չարենցի «Գիրք ճանապարհին» ու Ա.Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1934թ.` Մ.Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն: Նրա նկարազարդումները 1934թ. ներկայացվել են խորհրդային գրողների առաջին համագումարի առթիվ Մոսկվայում բացված ցուցահանդեսում` նկարչին բերելով լայն ճանաչում: Այդ շրջանում նրա գործերը ներկայացվել են խորհրդային գրաֆիկայի միջազգային մի շարք ցուցահանդեսներում (Լոնդոն, Ֆիլադելֆիա, Դանցիգ):

1939թ. Հ.Կոջոյանը մասնակցել է Մոսկվայում բացված հայկական արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին և պարգևատրվել Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: 1941թ. նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները: 1945թ. նա նկարազարդել է ՍայաթՆովայի խաղերի ժողովածուն: 1945-1954թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստի ինստիտուտում:

1954թ. և 1958թ. Երևանում, 1959թ. Թբիլիսիում, Բաքվում, Մոսկվայում, Լենինգրադում, 1982թ. Սոֆիայում և Պլովդիվում կազմակերպվել են նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսներ: Հ.Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հ.Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները:

Հ.Կոջոյանը վախճանվել է 1959թ. ապրիլի 24-ին Երևանում:

Հ.Կոջոյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Սանկտ Պետերբուգի ռուսական թանգարանում, Մոսկվայի` Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Կիևի ռուսական արվեստի թանգարանում և նկարչի` 1973թ. Երևանում ստեղծված տուն-թանգարանում:
ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆ
1883-1959