ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ
Պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1873թ. նոյեմբերի 22-ին Ախալցխայում: Սկզբնական կրթությունն ստացել է 1880-1883թթ. ծննդավայրի Կարապետյան վարժարանում: 1883-1893թթ. սովորել է Թիֆլիսի I գիմնազիայում, 1893-1897թթ. Ենայի, Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1898թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, իսկ 1909թ. Դորպատի համալսարանի իրավաբանական ֆակուլտետները:

1900-1905թթ. Հ. Մանանդյանը դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1905-1907թթ.՝ Թիֆլիսի առաջին և երկրորդ արական գիմնազիաներում, 1906-1907թթ.՝ Ներսիսյան դպրոցում, 1911-1913թթ.՝ Բաքվի ժողովրդական համալսարանում և 1915-1919թթ առևտրական դպրոցում: 1919թ. դեկտեմբերին հրավիրվել է ԵՊՀ, նշանակվել պատմալեզվագրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, 1921-1922թթ. ռեկտոր, 1921-1923թթ. արևելագիտության և պատմագրական ֆակուլտետների դեկան, 1921-1925թթ. հայ ժոդովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925-1931թթ. նույն ամբիոնի պրոֆեսոր: 1925թ. Հ .Մանանդյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1938թ.՝ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1925թ. ընտրվել է Հայաստանի գիտության և արհեստի ինստիտուտի անդամ, 1939թ.՝ ԽՍՀՄ ԳԱ և 1943թ.՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:

ԵՊՀ-ում նա առաջինն է դասավանդել հայ ժոդովրդի հին և միջնադարյան պատմություն: 1931թ. նա ընդհատել է մանկավարժական աշխատանքը և զբաղվել միայն գիտական գործունեությամբ:

Հ. Մանանդյանը հայ պատմագիտության ականավոր ներկայացուցիչներից է: Հեղինակ է հայերեն, ռուսերեն և գերմաներեն ավելի քան 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու մշակույթին: Զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ: Այս բնագավառում հայագիտական մնայուն արժեք է «Հունաբան դպրոցը և նրա գարգացման շրջանները» (Վիեննա, 1928) ուսումնասիրությունը: Հայ պատմագիտական մտքի մնայուն գործերից են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական֊-տնտեսական հարաբերություններին նվիրված «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (ռուս., Եր., 1930, 1954, 1985), «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» (Եր., 1934:, 1981), «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» (Եր., 1930, 1985), «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» (Եր., 1936, 1985), «Տիգրան Բ և Հռոմը» (Եր., 1940, 1972, 1977, ռուս.՝ 1943, ֆրանս. 1963) և այլ մենագրություններ:

Ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժոդովրդի պատմության» բազմահատոր աշխատության ստեղծումը նպատակ ունենալով շարադրել Հայաստանի մ. թ.ա. VI-մ. թ. XVI դարերի ամբողջական պատմությունը (հ. I-III, 1945, 1952, 1957, նաև՝ 1977, 1978), որը, սակայն, մնացել է անավարտ: Դեռևս 1902թ., Հր.Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է XII-XIX դարերի հայկական վկայաբանական գրականության հայտնի բոլոր բնագրերը (հ. I-II), գիտական հրատարակության է պատրաստել հին հունական իմաստասերների (Նոնոս, էլիաս, Զենոն Ստոիկ, Արիստոտել և այլք) երկերի հայերեն թարգմանությունների բնագրերր:

1935թ. Հ .Մանանդյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով:

Հ.Մանանդյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանի հիմնադրման, կայացման և համալսարանական գիտության զարգացման գործում:

Վախճանվել է 1952թ. փետրվարի 4-ին Երևանում:
ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ
1873-1952