ՀԱՄԲԱՐՁՈւՄ ՔԵՉԵԿ
Վիրաբույժ,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1872թ. հունիսի 7-ին Նոր Նախիջևանում: Սովորել է տեղի հայկական հոգևոր դպրոցում, ապա Ռոստովի գիմնազիայում, որն ավարտել է 1892թ.: Այնուհետև երկու տարի ուսանել է Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, հետո տեղափոխվել Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ և 1897թ. ավարտել այն:

Հ.Քեչեկն իր աշխատանքային գործունեությունն սկսել է Ռոստովի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում, այնուհետև եղել է Նևիննոմիսկ կայարանի հիվանդանոցի վարիչ և տեղամասային բժիշկ: 1900թ. սկզբին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և տեղի վիրաբուժական կլինիկայում աշխատել որպես օրդինատոր:

1901-1905թթ. աշխատել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Դանիայի մի շարք առաջավոր կլինիկաներում: 1910թ. նա նշանակվել է Նոր Նախիջևանի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և այստեղ հիմնել վիրաբուժական բաժանմունք: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեծ հանքեր է գործադրել զինվորական հիվանդանոցների ստեղծման համար միաժամանակ ղեկավարելով Ռոստովի օրթոպեդիկ ինստիտուտի աշխատանքները:

1910թ. Հ.Քեչեկը ստացել է դոկտորի գիտական աստիճան:

1925թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1919-1923թթ. աշխատել է Վրաստանում: 1924թ. հրավիրվել է Երևան և նշանակվել հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի ու համալսարանի նորաստեղծ բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի վարիչ, իսկ 1925թ. բժշկական ֆակուլտետի դեկան: ԵՊՀ-ում աշխատելու տարիներին Հ.Քեչեկը մեծ աշխատանք է կատարել բժշկական ֆակուլտետը որակյալ դասախոսական կադրերով համալրելու ուղղությամբ: Դասախոսություններ է կարդացել ոչ միայն իր մասնագիտությունից, այլև ախտաբանական անատոմիա ու ախտաբանական ֆիզիոլոգիա առարկաներից:

Հ.Քեչեկը հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատությունների, որոնք վերաբերում են տուբերկուլյոզային գայլախտի լուսաբուժության մեթոդների մշակմանը, ուրոլոգիայի և վիրաբուժության բազմաթիվ հարցերի:

Եղել է ՀԽՍՀ վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, պատվավոր անդամ:

1935թ. Հ.Քեչեկն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, «Աշխատանքային արիության համար» և այլ մեդալներով:

Վախճանվել է 1948թ. սեպտեմբերի 3-ին Երևանում: Հ.Քեչեկի անունով է կոչվում Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը: Բժշկական ինստիտուտում սահմանվել է Քեչեկի անվան կրթաթոշակ:
ՀԱՄԲԱՐՁՈւՄ ՔԵՉԵԿ
1872-1948