ՀԱՐՈւԹՅՈւՆ ՖԵԼԵՔՅԱՆ
Գրականագետ,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստ


Ծնվել է 1931թ. մարտի 13-ին Երևանում: 1948թ. ավարտել է թիվ 34 միջնակարգ դպրոցը, 1953թ.՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա ուսումնառությունը շարունակել ԵՊՀ ասպիրանտուրայում:

1958թ. Հ.Ֆելեքյանը պաշտպանել է թեկնածուական, 1970թ. դոկտորական ատենախոսություն: 1971թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1957 թվականից «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող: 1957-1959թթ. եղել է «Սովետական Հայաստան» թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչ, 1959-1961թթ. վարել «Գրական թերթի» քննադատության բաժինը: 1961-1965թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրությունում որպես բաժնի վարիչ, 1965-1970թթ. ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող, 1967-1970թթ. համատեղությամբ «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի պատասխանատոի քարտուղար, 1970-1977թթ. գլխավոր խմբագրի տեղակալ, 1978-1986թթ. գլխավոր խմբագիր:

1970-1981թթ. Հ.Ֆելեքյանը եղել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, 1981-1991թթ.՝ «Սովետական գրող», (հետագայում «Նաիրի») հրատարակչության տնօրեն, 1991- 2001թթ. ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ, 2001-ից վարչության պետի խորհրդական:

Հ.Ֆելեքյանը հայ մամուլի պատմության, հայ գրականության և հրապարակախոսության հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է, գրել է ««Պրավդա»-ի տրադիցիաներով» (Եր., 1963), «Ալեքսանդր Ծատուրյան» (Եր., 1965), «Հայաստանի պարբերական մամուլը սոցիալիզմի կառուցման պայքարում» (Եր., 1970), «Հրապարակախոսություն և գրականություն» (Եր., 1975) մենագրությունները:

Նա կազմել և խմբագրել է հայ գրողների երկերի մի շարք ժողովածուներ, ծավալել թարգմանչական գործունեություն. նրա թարգմանությամբ է լույս տեսել Ալ.Գերցենի «Եղելություններ և խոհեր» եռագրության առաջին հատորը (Եր., 1981):
Հ.Ֆելեքյանը ժուռնալիստների (1958) և գրողների (1963) միությունների անդամ էր: 1981թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստի կոչման:

Վախճանվել է 2005թ. դեկտեմբերի 7-ին Երևանում:
ՀԱՐՈւԹՅՈւՆ ՖԵԼԵՔՅԱՆ
1931-2005