ՀԱՅԿ ԳՅՈւԼԻՔԵՎԽՅԱՆ
Փիլիսոփա, գրականագետ, պրոֆեսոր,
հասարակական գործիչ


Ծնվել է 1885թ. դեկտեմբերի 25-ին Շուշիում: Ավարտել է տեղի ռեալական դպրոցը և 1906թ. մեկնել Գերմանիա, որտեղ մինչև 1913թ. ուսանել է Ենայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, իսկ այնուհետև` Լայպցիգի, Ցյուրիխի և Հայդելբերգի համալսարաններում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, որպես ռուսահպատակ, մեկուսացվել է ռազմագերիների ճամբարում, որտեղից ազատվել է 1918թ.: Գերմանիայում եղած տարիներին մասնակցել է «Սպարտակ Բունդե» կազմակերպության գործունեությանը: Վերադառնալով հայրենիք` վարել է կուսակցական ու վարչական մի շարք պաշտոններ. եղել է «Կոմունիստ» թերթի (ռուս.) խմբագիր, Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) կուսակցական գավկոմի բաժնի վարիչ, իսկ 1924թ. ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, նշանակվել բաժնի վարիչ և «Կոմունիստ», «Վերելք» հանդեսների խմբագիր: 1920-30-ականներին նա հաճախակի հանդես է եկել դասական և նորագույն գրականության առնչությունների մասին հոդվածներով ու ելույթներով:

1923թ. Հ.Գյուլիքևխյանը հրավիրվել է ԵՊՀ, որտեղ աշխատել է շուրջ 10 տարի: 1924-1927թթ. եղել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1929թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1932թ. նշանակվել է մարքսիզմլենինիզմի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտի, իսկ հետագայում` Հայաստանի պատմության և գրականության ինստիտուտի տնօրեն: 1939-1947թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իսկ կյանքի վերջին տարիներին դասավանդել է ռուսական մանկավարժական ինստիտուտում:

Հ.Գյուլիքևխյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է փիլիսոփայության, գեղագիտության, գրականության, դրամատուրգիայի, թատրոնի տեսության ու պատմության բազմաթիվ հարցեր:

Նա թողել է գրականագիտական բազմաթիվ հոդվածներ, որոնցից հատկապես արժեքավոր են «Հայրենասիրության գաղափարը Խ.Աբովյանի մոտ», Րաֆֆու «Կայծերը», «Ի.Ճավճավաձեի ստեղծագործության մասին», «Կլասիկ ժառանգությունը և սովետահայ գրականությունը», «Դիտողություններ սովետական դրամատուրգիայի մասին», «Շեքսպիրը նախասովետական հայ քննադատության մեջ» և այլն:

Հ.Գյուլիքևխյանը ստալինյան բռնարարքների շրջանում շատերի պես ենթարկվել է հալածանքների, ապա արդարացվել է:

Վախճանվել է 1951թ. սեպտեմբերի 29-ին Երևանում:
ՀԱՅԿ ԳՅՈւԼԻՔԵՎԽՅԱՆ
1885-1951