ՀԱՅԿ ԿԱՆԱՅԱՆ
Ակնաբույժ, դոցենտ,
ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ


Ծնվել է 1875թ. փետրվարի 16-ին Իգդիրում: Ինը տարեկանում ընդունվել է Երևանի ռուսական գիմնազիան և միջնակարգ կրթություն ստանալուց հետո` 1893թ., ընդունվել Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիա:

Հիվանդության պատճառով վերադարձել է հայրենիք և մանկավարժական աշխատանքի անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Այնուհետև ընդունվել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտել է 1904թ. և երկու տարի եղել ականավոր ակնաբույժ պրոֆ. Վ.Ֆիլատովի կլինիկայի ավագ օրդինատոր: Հ.Կանայանը երկար տարիներ աշխատել է Քիշնևում, Վլադիկավկազում և Բաքվում, այնուհետև տեղափոխվել է Երևան, աշխատել Երևանի քաղաքային բուժարանում: 1925թ. հրավիրվել է ԵՊՀ և բժշկական ֆակուլտետում հիմնադրել աչքի հիվանդությունների ամբիոն:

1929թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում:

Ակնաբույժ մասնագետների պատրաստման գործում էական նշանակություն է ունեցել Կրյուկովի և Օդինցովի «Աչքի հիվանդությունների մասին» դասագրքի նրա հայերեն թարգմանությունը:

Հ.Կանայանը եղել է բազմաշնորհ ու հարուստ փորձ ունեցող ակնաբույժ: Նա բարձր հմտությամբ է կատարել աչքի վիրահատությունները: Հայաստանի շրջանների ազգաբնակչության մեջ աչքի հիվանդություններով տառապողներին հայտնաբերելու և ժամանակին բժշկելու նպատակով 1920-1930-ականներին կազմակերպել է բժշկական մի շարք միջոցառումներ:

1947թ. Հ.Կանայանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր բժշկի կոչման:

Վախճանվել է 1950թ. օգոստոսի 10-ին Երևանում:
ՀԱՅԿ ԿԱՆԱՅԱՆ
1875-1950