ՀԱՅԿԱԶ ԺԱՄԿՈՉՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1909թ. հոկտեմբերի 10-ին Խարբերդի նահանգի Մալաթիա քաղաքում: Մեծ եղեռնից փրկվել է հրաշքով:

Նախնական կրթությունն ստացել է Բեյրութի ամերիկյան որբանոցի վարժարանում (1918-1924), այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա: Փարիզում, Վալանսում և Բրյուսելում աշխատել է որպես բանվոր, գործուն մասնակցություն ունեցել Ֆրանսիայի և Բելգիայի բանվորական շարժումներին, եղել Ֆրանսիայի կոմկուսի Վալանսի հայկական բաժանմունքի քարտուղար:

1929թ. հունիսին ներգաղթել է Խորհրդային Հայաստան, աշխատել Վաղարշապատում որպես արհմիութենական շրջանային կոմիտեի նախագահ:

1930-1931թթ. Հ.Ժամկոչյանը սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմատնտեսագիտական ֆակուլտետում, 1931-1935թթ.` ԵՊՀ պատմագրական ֆակուլտետի պատմության բաժնում, 1935-1938թթ.` ԵՊՀ ասպիրանտուրայում: Ուսումնառությանը զուգընթաց դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում, եղել ասիստենտ ԵՊՀ-ում: 1938-ից մինչև կյանքի վերջն աշխատել է ԵՊՀ հայ ժողովրդի պատմության ամբիոնում որպես դասախոս: Այդ ընթացքում 1941-1942թթ. եղել է նաև հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1941-1943թթ. և 1945-1955թթ.` պատմության ֆակուլտետի դեկան:

1941թ. Հ.Ժամկոչյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1943թ. նրան շնորհվել է դոցենտի կոչում:

Հեղինակ է պատմաբանասիրական բնույթի մի շարք արժեքավոր ուսումնասիրությունների` «XII-XIII դարերի ազդեցությունը «Սասունցի Դավիթ» էպոսի տարբերակներում» (Եր., 1939), ««Պատմութիւն վասն ազգին նետողաց» երկի հեղինակը» (Եր., 1946), «Անի քաղաքի XIII դարի երկու արձանագրության մասին» (Եր., 1955), «Ֆրիկի երեք տաղերի մասին» (Եր., 1956:
Լայն ճանաչում ունի Հ.Ժամկոչյանի հայ ժողովրդի պատմության «Հայաստանը նախնադարյան համայնական հասարակության և ստրկատիրության շրջանում» բուհական դասագրքի առաջին պրակը (Եր., 1961), որը հետագայում մաս է կազմել նաև բուհական քառահատոր (Եր., 1963) և երկհատոր (Եր., 1975) դասագրքերի, ունեցել առանձին հրատարակություն:

1970թ. Հ.Ժամկոչյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1981թ. մարտի 4-ին Երևանում:
ՀԱՅԿԱԶ ԺԱՄԿՈՉՅԱՆ
1909-1981