ՀԱՅՐԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աշխարհագրագետ, պրոֆեսոր

Ծնվել է 1878թ. փետրվարի 28-ին Նախիջևանի Օրդուբադի շրջանի Հանդամեջ գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսի 2րդ արական գիմնազիայում, որն ավարտել է 1896թ.: 1904թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը:

1907 թվականից Հ.Հովհաննիսյանը բնագիտություն և աշխարհագրություն է դասավանդել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիաներում: 1914-1917թթ. աշխատել է Բաքվի գիմնազիաներում որպես բնագիտության ուսուցիչ: 1918թ. եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության նախարարի օգնական: 1919թ. նշանակվել է Երևանի արական գիմնազիայի վերատեսուչ: Խորհրդային կարգերի հաստատումից հետո այդ գիմնազիան վերանվանվել է երկրորդ աստիճանի թիվ 2 աշխատանքային (հետագայում` Խ.Աբովյանի անվան) դպրոց, որտեղ որպես տնօրեն նա աշխատել է մինչև 1927թ.:

1923թ. Հ.Հովհաննիսյանը հրավիրվել է դասախոսելու ԵՊՀ բանֆակում և մյուս ֆակուլտետներում` որպես աշխարհագրության դասախոս: 1929թ. ղեկավարել է ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը: Նույն տարում նրան շնորհվել է դոցենտի, 1935թ.՝ պրոֆեսորի կոչում:

1933թ. Հ.Հովհաննիսյանը` որպես պատգամավոր, մասնակցել է Լենինգրադում գումարված աշխարհագետների համամիութենական համագումարին և ընտրվել նախագահության անդամ: Գործուն մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի աշխարհագրական ընկերության ստեղծմանը և ընտրվել նախագահի տեղակալ: 1935-1937թթ. եղել է ԵՊՀ աշխարհագրականերկրաբանական ֆակուլտետի դեկան:

Հեղինակ է մի շարք ձեռնարկների: Բնագիտական թեմաներով նրա կարդացած հրապարակային բազմաթիվ դասախոսությունները լույս են տեսել առանձին գրքով՝ «Մարդ և տիեզերք» վերնագրով:

Վախճանվել է 1938թ. մարտի 5-ին Երևանում:
ՀԱՅՐԱՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1878-1938