ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆ
Հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող Հովհաննես Ադամյանը 1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ Եվրոպայում ներկայացվել է միայն երեք տարի անց։

Ուսանել է Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում։

1908-1910 թվականներին հեռուստատեսության և լուսահեռագրության բնագավառներում գյուտերի արտոնագրեր է ստացել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում:

Հ. Ադամյանը ստացել է 21 արտոնագիր, որոնց մեծ մասը՝ հեռուստատեսության բնագավառում։ Ռուսաստանում 1918 թվականին ստեղծել է առաջին սարքը, որը հաղորդում և ցուցադրում էր սև և սպիտակ պատկերներ (ստատիկ պատկերներ), ինչը մեծ նվաճում էր հեռուստատեսության զարգացման բնագավառում։

1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։

Ադամյանը տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների, տեխնիկական գիտություններին զուգընթաց ուսումնասիրում էր գեղանկարչություն և ճարտարապետություն: Շախմատի մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԴԱՄՅԱՆ
1879-1932