ԿԱՄՍԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Պատմաբան

Ծնվել է 1900 թ. հունվարի 3-ին Լոռու Ծաթեր գյուդում: Տնտեսական ծանր պայմանները հարկադրել են նրան վաստակի մեկնել Թիֆլիս և ինը տարի աշխատել որպես բանվոր:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Կ .Առաքելյանը վերադարձել է հայրենիք, զբաղվել կոմերիտական աշխատանքով, միաժամանակ լրացրել կրթության պակասը:

1923թ. Կ. Առաքելյանն ընդունվել է ԵՊՀ պատմաբանասիրական ֆակուլտետ: 1926թ. դարձել է կոմկուսի անդամ: 1927թ. ավարտելով ուսումնառությունը աշխատանքի է անցել ԵՊՀ-ում, ստանձնել ուսանողական գործադիր բյուրոյի քարտուղարի, իսկ այնուհետև կուսակցական կոմիտեի քարտուղարի պարտականությունները:

1930-1931թթ. Կ. Առաքելյանը կուսակցական աշխատանք է կատարել ՀԿԿ Ղամարլուի (հետագայում՝ Արտաշատի) շրջկոմում նախ որպես ագիտ-պրոպագանդայի բաժնի վարիչ, ապա նույն շրջկոմի առաջին քարտուղար: 1931թ. ընդունվել և 1936-ին ավարտել է Բաքվի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտը: Վերադառնալով Երևան` կուսակցական ղեկավար պաշտոններ է գբաղեցրել ՀԿԿ կենտկոմի դպրոցական բաժնում:

1937թ. Կ. Առաքելյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, սակայն 1938թ. սկզբներին ենթարկվել է բռնությունների և աքսորվել Սիբիր:

1954թ. վերադառնալով աքսորից` արդարացվել է, վերականգնվել են նրա բոլոր իրավունքները, բայց քայքայված առողջության պատճառով չկարողանալով աշխատել` անցել է թոշակի:

Կ. Առաքելյանը վախճանվել է 1964թ. հունիսի 8-ին Երևանում:
ԿԱՄՍԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
1900-1964