ԽԱԺԱԿ ՆԱՎՈՅԱՆ
Հիդրավլիկ, մեխանիկոս
տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր


Խաժակ Նավոյանը ծնվել է 1918 թ. մարտի 16-ին Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքում: Նավոյանների գերդաստանը, թուրքական յաթաղանից փրկված, 1918թ.-ին անցել է Արաքսը և հանգրվանել Երևանում: Խաժակ Նավոյանը 1936 թ.-ին գերազանց գնահատականներով ավարտում է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումը: Երկու տարի խորհրդային բանակում ծառայելուց հետո 1939 թ. Խ. Նավոյանը, հաջողությամբ հանձնելով քննությունները, ընդունվում է Լենինգրադի կոմունալ շինարարության ինժեներական ինստիտուտը (այժմ` Սանկտ Պետերբուրգի ինժեներա-շինարարական ինստիտուտ): 1939 թ.-ի նոյեմբերին Խ. Նավոյանը կամավոր մեկնում է ռազմաճակատ: Պատերազմից հետո Խ. Նավոյանը տեղափոխվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և շարունակում ուսումը շինարարական ֆակուլտետի 2-րդ կուրսում: Խ. Նավոյանը մի քանի ամսում էքստեռն կարգով, գերազանց գնահատականներով հանձնում է բոլոր քննությունները և փոխադրվում 4-րդ կուրս` արժանանալով Ստալինյան կրթաթոշակի (կրթաթոշակը շնորհվում էր միայն բացառիկ ունակություններ ունեցող ուսանողներին):

1944 թ.-ին Խ. Նավոյանը գերազանց առաջադիմությամբ ավարտում է պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով Ինժեներ-շինարարի մասնագիտություն: Խ. Նավոյանը 1949-1952 թթ. սովորում է ասպիրանտուրայում (ք. Մոսկվա), իսկ 1954 թ. պաշտպանում է ատենախոսություն և ստանում տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1958 թ. նրան շնորհվում է դոցենտի կոչում:

1960 թ.-ին Խ. Նավոյանը մրցույթով ընտրվում է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի առաձգականության և պլաստիկության տեսության ամբիոնի դոցենտ:

Բեղուն գիտահետազոտական և մանկավարժական գործունեության հետ մեկտեղ՝ Խ. Նավոյանը՝ որպես իսկական հայ մտավորական, ակտիվ հայրենասիրական դիրքորոշում ուներ: Նա ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից էր: Խ. Նավոյանը Հայոց մեծերի` Մարտիրոս Սարյանի, Վահրամ Փափազյանի, Գոհար Գասպարյանի, Պարույր Սևակի և 45 այլ ազնիվ մտավորականների հետ ստորագրեց 1964 թ. դեկտեմբերին գրված հայտնի նամակը` հղված ԽՍՀՄ ղեկավարությանը, որում պահանջվում էր հարգել հայ ժողովրդի անուրանալի իրավունքներն Արևմտյան Հայաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ու Նախիջևանի նկատմամբ:

Բնութագրական է 1965 թ. ապրիլի 24-ի սգո հանրահավաքի և ցույցի մասին հետևյալ վկայությունը. «...միտինգի հիմնական բանախոսները Պարույր Սևակն էր, Տրապիզոնի լեռների հերոս Արման Կոթիկյանն էր, խանդավառ այլախոհ Խաժակ Նավոյանն էր, որը զանգվածի միջով հազիվ ճանապարհ էր բաց անում դեպի Կոմիտասի գերեզմանը» (Վ. Առաքելյան, Ճշմարտությունը հայոց Մեծ եղեռնի 50-ամյակը նշանավորելու մասին, Երեկոյան Երևան, 21 հունիսի 1995 թ.):

Անձնվեր հայրենասիրությունը և քաղաքական գործունեությունն այդ մռայլ ժամանակաշրջանում անհետևանք չէին կարող մնալ: Երկու տարի դոկտորանտի պաշտոնում գիտական թեզի ուղղությամբ աշխատելուց հետո 1971 թ.-ին Խ. Նավոյանը, ստիպված մեկնում է Հայաստանից և մրցույթով ընտրվում է Ուկրաինայի ջրային տնտեսության ինժեներական ինստիտուտի (ք. Ռովնո) հիդրավլիկայի ամբիոնի պրոֆեսոր: 1975 թ. Կիևում լույս է տեսնում պրոֆեսոր Խ. Նավոյանի մենագրությունը՝ ՚Ջրթող կառույցների հիդրավլիկական հաշվարկների օրինակներՙ, որը գիտական շրջանում մեծ հաջողություն է ունենում:

1976 թ. Խ. Նավոյանը կրկին վերադառնում է հայրենիք և շարունակում մանկավարժական ու գիտական գործունեությունը Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում և այլ գիտական հաստատություններում: Նա հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատությունների: Խ. Նավոյանը 1983 թ. ավատում է դոկտորական թեզը, հրատարակվում է սեղմագիրը, բայց, ավաղ, վրա է հասնում ծանր և անբուժելի հիվանդությունը: Խ. Նավոյանը վախճանվում է 1985 թ. փետրվարի 6-ին:
ԽԱԺԱԿ ՆԱՎՈՅԱՆ
1918-1985