ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԱՖԵՆՀՈԼՑ
Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ, Ադր.ԽՍՀ, Վր.ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ,


Ծնվել է 1893թ. մարտի 5-ին Բեսարաբիայի (այժմ՝ Մոլդովա) Ալբինեց գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Քիշնևի ռեալական դպրոցում: 1920թ. ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը:

1919 թվականից Կ.Պաֆենհոլցն աշխատել է Համառուսաստանյան երկրաբանական կոմիտեում: 1923թ. երկրաբանական աշխատանքի է անցել Անդրկովկասում, որտեղ շուրջ կես դար զբաղվել է Փոքր Կովկասի երկրաբանությամբ: 1928թ. ձեռնարկել է Կովկասյան լեռնաշղթայի հարավային լանջերի երկրաբանական քարտեզագրումը: 1932-1933թթ. մասնակցել է Պամիրի դեռևս չհետազոտված բարձր լեռնային վայրերն ուսումնասիրող Տաջիկապամիրյան արշավախմբի աշխատանքներին:

1933-1941թթ. Հայաստանի և Ադրբեջանի տարածքների մեծ մասի համար կազմել է 1:42000 և 1:50000 մասշտաբների երկրաբանական քարտեզներ:

Հայրենական պատերազմի տարիներին, լինելով Հայկական երկրաբանական վարչության գլխավոր երկրաբան, աշխատանքներ է կատարել ռազմական երկրաբանության գծով: Այդ նույն տարիներին ավարտել է Հայաստանի երկրաբանությանը նվիրված իր մեծարժեք աշխատությունը և 1943թ. ներկայացրել պաշտպանության որպես դոկտորական ատենախոսություն: 1943թ. նա ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս: 1945թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1945-1952թթ. Կ.Պաֆենհոլցը եղել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսոր: 1959 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում:

Կ.Պաֆենհոլցը բազմաթիվ քարտեզների հեղինակ է: Նրա Կովկասի երկրաբանական քարտեզը, որպես եզակի նմուշ, ցուցադրվել է 1966թ. Մեքսիկայում կայացած երկրաբանական 20րդ միջազգային համաժողովում: “Геология Армении” (М.Л., 1948) հիմնարար աշխատությունը 1950թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:

Կ.Պաֆենհոլցը համամիութենական հանքաբանական և աշխարհագրական ընկերությունների անդամ էր, ՀԽՍՀ, Ադր. ԽՍՀ և Վր.ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ:

Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով և «Կովկասի պաշտպանության համար» մեդալով:

Վախճանվել է 1983թ. սեպտեմբերի 24-ին Լենինգրադում:
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԱՖԵՆՀՈԼՑ
1893-1983