ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Գրականագետ, դոցենտ

Ծնվել է 1931թ. դեկտեմբերի 24-ին Երևանում: Ուսումնառությունն սկսել է թիվ 8 դպրոցում, ապա տեղափոխվել է Երևանի թիվ 20 դպրոց և ավարտել այն 1949թ.:

1954թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1954-1957թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:

1957-1959թթ. Լ.Ներսիսյանն աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես ավագ խմբագիր, իսկ 1959թ.` ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես գիտաշխատող: Նկարահավել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում:

1957-ից ԵՊՀ-ում և գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965-ից` ավագ դասախոս, 1992-1994թթ.՝ դոցենտ:

Նրա հետաքրքրության նեղ ոլորտներն էին անտիկ գրականությունը (մասնավորապես հին հունական պոեզիան և
դրաման), 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («Աբսուրդի» թատրոնը, ֆրանսիական վեպը, սյուրեալիզմի պոեզիան), որոնք դասախոսում էր բարձր ոգևորությամբ` խոր գիտելիքների հետ միասին պատվաստելով գրական բարձր ճաշակ:

Լ.Ներսիսյանը 1960-1980ականների հայկական մշակույթի ակնառու գործիչներից մեկն էր, ուսանողների բազմաթիվ սերունդների կուռքը: Դրա հավաստիացումն է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում նրա անվան լսարանը:

1998թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Վախճանվել է 1999թ. նոյեմբերի 27-ին Երևանում:

Երևանի Մաշտոցի պողոտայի 39 տան պատին փակցված հուշատախտակին գրված է. «Այստեղ ապրել է ոգու և ազատության ասպետ Լևոն Հրաչյայի Ներսիսյանը»:
ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
1931-1999