ԼԵՎՈՆ ՌՈՏԻՆՅԱՆ
Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
Ծնվել է 1879թ. մայիսի 22-ին Թիֆլիսում: 1898թ. ավարտելով տեղի 3րդ գիմնազիան` ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի բնագիտական ֆակուլտետի ֆիզիկամաթեմատիկական բաժինը, որն ավարտել է 1903թ.` ստանալով անօրգանական և ֆիզիկական քիմիայի մասնագետի որակավորում: Լ.Ռոտինյանն աշխատանքի է նշանակվել Պետերբուրգի նորաստեղծ պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկական քիմիայի և տեսական էլեկտրաքիմիայի ամբիոնում որպես ասիստենտ: Այդ տարիներին նա կազմել է ֆիզիկական քիմիայի գործնական աշխատանքների առաջին ձեռնարկը Ռուսաստանում: 1904-1907թթ. նա գիտական գործուղման է մեկնել Գերմանիա:
1918-1920թթ. Լ.Ռոտինյանը դոցենտի պաշտոնով աշխատել է Թիֆլիսի համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնում: 1921թ. նշանակվել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի կենտրոնական լաբորատորիայի վարիչ: 1922-1927թթ. եղել է հողժողկոմատի և ժողտնտխորհի կենտրոնական լաբորատորիայի անօրգանական քիմիայի բաժնի վարիչ: 1923թ. նա հրավիրվել է ԵՊՀ որպես անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, ապա` մինչև 1938թ.` ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ: 1925թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Լ.Ռոտինյանը Հայաստանում ֆիզիկական քիմիայի դպրոցի հիմնադիրն է: Ստ.Ղամբարյանի հետ միասին ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի քիմիական ինստիտուտի կազմակերպիչներից է: Մինչև 1938թ. ղեկավարել է այդ ինստիտուտի ֆիզիկական քիմիայի բաժինը:
1948թ. ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտական խորհուրդը, առանց ատենախոսության պաշտպանության, Լ.Ռոտինյանին շնորհել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1957-1960թթ. Լ.Ռոտինյանը գլխավորել է ՀԽՍՀ ժողտնտխորհի քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիկական քիմիայի բաժինը:
Նա հրապարակել է շուրջ 30 գիտական աշխատանքներ, որոնք հիմնականում վերաբերում են քիմիական ջերմադինամիկային: Հեղուկ ծծմբի մածուցիկության վերաբերյալ Լ.Ռոտինյանի ստացած տվյալները 1920թ. ստուգվել և հաստատվել են անգլիացի գիտնականներ Ֆերրալի և Մակլեոդի կողմից. դրանք երկար ժամանակ օգտագործվում էին տեղեկատվական և ֆիզիկական քիմիայի դասագրքերում: Սնդիկի, ծարիրի և ալյումինի հալոգենիդների կրիտիկական ջերմաստիճանների չափումը Լ.Ռոտինյանը կատարել է այնպիսի ճշգրտությամբ, որ տասնամյակներ շարունակ դրանք պահպանել են իրենց գիտական արժեքը: Հեղուկ և դրան հարակից գազային ու բյուրեղային վիճակների մակերևույթների նրա ուսումնասիրությունները իրավամբ դասվում են համաշխարհային գրականության մեջ հայտնի այդօրինակ ուսումնասիրություններից լավագույնների շարքը: Նրա աշխատանքներից վեցը նվիրված են հալված բազալտների
բյուրեղացման և թրծման պայմանների ուսումնասիրությանը:
Լ.Ռոտինյանը վախճանվել է 1964թ. դեկտեմբերի 30-ին Երևանում: