ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ
Լեզվաբան, գրականագետ,
փիլիսոփայական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1865թ. մայիսի 17-ին Նախիջևանի Աստապատ գյուղում: Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1893-1898թթ. սովորել է Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում:

1898թ. Ենայի համալսարանում ստացել է Փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան:

1898-1914թթ. Մ.Աբեղյանն աշխատել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում որպես ուսուցիչ, 1914-1919թթ. Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում: ԵՊՀ հիմնադրման առաջին իսկ օրերից աշխատանքի է հրավիրվել որպես դասախոս, 1923-1925թթ. եղել պատմագրական ֆակուլտետի դեկան: 1926թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1943թ., երբ հիմնադրեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան, Մ.Աբեղյանը հաստատվեց ակադեմիայի հիմնադիր անդամ:

Նրա լեզվաբանական շուրջ 200 աշխատություններում ուսումնասիրված են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները: Դրանք վերաբերում են հայոց լեզվի ուղղագրությանը, հնչյունաբանությանը, բառագիտությանը, ձևաբանությանը, տաղաչափությանը: Նա գրել է նաև գրաբարի քերականություն, ուսումնասիրել միջին հայերենով գրված ժողովրդական ստեղծագործությունների լեզուն, կազմել բառարաններ և այլն: Լեզվաբանական կարևոր մենագրություններն են «Աշխարհաբարի քերականություն» (Վաղարշապատ, 1906), «Աշխարհաբարի շարահյուսություն» (էջմիածին, 1912), «Հայոց լեզվի տեսություն» (Եր., 1931, 1965), «Հայոց լեզվի տաղաչափություն» (Եր., 1933):

Մ.Աբեղյանը զբաղվել է նաև հայ ժողովրդական բանահյուսությամբ: Նա հավաքել, ուսումնասիրել և հրատարակել է ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ: 1886թ. գրի է առել «Սասունցի Դավիթ» էպոսի պատումներից մեկը, և շարունակել վեպի պատումների հավաքման, ուսումնասիրման ու հրատարակման գործը: ժողովրդական բանահյուսությանը վերաբերող կարևոր մենագրություններն են «Հայ ժողովրդական առասպելները Մ.Խորենացու «Հայոց պատմության» մեջ» (Վաղարշապատ, 1899), «ժողովրդական խաղեր» (Վաղարշապատ, 1904), «Հայ ժողովրդական վեպը» (Վաղար֊ շապաա, 1908), «Հին գուսանական-ժողովրդական երգեր» (Եր., 1931):

Մ.Աբեղյանին հետաքրքրել են նաև հայ գրականության պատմության, հատկապես հայ հին և միջնադարյան գրականության խնդիրները: Նա գրել է մի շարք ուսումնասիրություններ հոգևոր երգերի` շարականների վերաբերյալ, Գրիգոր Նարեկացու և ուրիշ գրողների մասին: Հայ հին գրականությանը վերաբերող նրա ուսումնասիրությունները ամփոփված են «Հայոց հին գրականության պատմություն» երկհատոր կոթողային աշխատության մեջ (գիրք 1, Եր., 1944, գիրք 2, Եր., 1946): Վերջինս մեկ հատորով տպագրվել է նաև ռուսերեն Մոսկվայում:

Մ.Աբեղյանը զբաղվել է նաև գրական-պատմական և ժողովրդական ստեղծագործությունների բնագրերի հրատարակման գործով: Այդ հրատարակություններից են` Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» (Սեթ Հարությունյանի աշխատակցությամբ, 1913թ.), «Սասնա ծռեր» (Կարո Մելիք֊-Օհանջանյանի աշխատակցությամբ, 3 գիրք, Եր., 1936, 1944, 1951),«Գուսանական-ժողովրդական տաղեր» (Եր., 1940), Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքերը (Եր., 1941): Դրանք առայսօր մնում են որպես քննական լավագույն հրատարակություններ:

Երկար տարիներ զբաղվելով մանկավարժական գործունեությամբ` նա կրթել և աճեցրել է բազմաթիվ մասնագետներ:

Վախճանվել է 1944թ. սեպտեմբերի 25-ին Երևանում:

Կառավարության որոշմամբ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտը 1945 թվականից կոչվում է Մ.Աբեղյանի անունով:

Մ.Աբեղյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր
գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում:
ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆ
1865-1944