ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ
Արքեպիսկոպոս, մանկավարժ

Ծնվել է 1865թ. մայիսի 7-ին Զանգեզուրի Շիկահող գյուղում: 1882թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, 1885թ. Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1890թ. Դորպատի համալսարանը: Մասնագիտական գիտելիքները կատարելագործել է Վիեննայում, Փարիզում, Երուսաղեմում, Լոնդոնում, Բեռլինում, Վենետիկում: 1902թ. Մ.Տեր-Մովսիսյանն ստացել է հայ բանասիրության մագիստրոսի աստիճան:

Մ.Տեր-Մովսիսյանն աշխատել է որպես Երևանի թեմի եկեղեցական-ծխական ուսումնարանների տեսուչ, Շուշիի հոգևոր թեմական դպրոցի ռեկտոր, Շամախիի հայկական հոգևոր խորհրդի նախագահող անդամ, 1890-1904թթ. Խաչիկ Դադյանի արշավախմբի կազմում մասնակցել է Զվարթնոցի պեղումներին, 1904-ից եռանդուն գործունեություն է ծավալել ցարական կառավարության կողմից բռնագրավված եկեղեցական ու վանական ունեցվածքի վերադարձման ուղղությամբ, 1905-1906թթ. մասնակցել է Նախիջևանի և Զանգեզուրի գավառների բնակչության խաղաղեցմանը և թաթարական ջարդերից տուժած հայերին օգնություն կազմակերպելու գործին: 1907- 1910թթ. գնացել է Կ.Պոլիս, Երուսաղեմ, Հռոմ, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ և ընդգրկվել եկեղեցական դպրոցների ծրագրերի մշակման հանձնաժողովներում, նշանակվել է էջմիածնի Սինոդի անդամ, Գևորգյան ճեմարանի տեսուչ, ձեռնադրվել եպիսկոպոս: 1913-1916թթ. եղել է Վրաստանի և Իմերեթիայի, իսկ 1917թ.՝ Աստրախանի թեմական առաջնորդ:

Առաջին աշխարհամարտի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը, նյութական և բարոյական աջակցություն ցույց տվել մարտիկներին, վիրավորներին ու փախստականներին, Անդրկասպյան և Թուրքեստանի տարբեր քաղաքներում հանգանակություն է արել հօգուտ արևմտահայ գաղթականների ու որբերի: 1922-1932թթ. գլխավորել է Պարսկա-Հնդկաստանի թեմը:

1919թ. հրավիրվել է Հայաստանի նորաբաց համալսարան որպես հայ գրականության և կրոնական մատենագրության առարկաների պրոֆեսոր, եղել է պատմալեզվաբանական ֆակուլտետի առաջին դեկանը:

Մ.Տեր-Մովսիսյանը 130 գիտական աշխատությունների հեղինակ է, որոնցից հատկապես արժեքավոր են «Ուղեւորութիւն Տ.Տ. Մկրտիչ Վեհափառ Կաթողիկոսի Ամենայն Հւսյոց Երուսաղեմից-էջմիածին» (1894), «Հայ գյուղական տունը» (1894), «Սոկրատայ Սքոլաստիկոսի եկեղեցական պատմութիւն թարգմանեաց Փիլոն Տիրակացի եւ Պատմութիւն վարուց սրբոյ Սեղբեստրոսի եպիսկոպոսին Հռովմայ թարգմանեալ Աբասու Գրիգորի Ձորափորեցւոյ» (1897), «Նկարագրութիւն հոգեւոր վարուց Հովասափու, որդւոյ թագաւորին Հնդկաց» (1897):

Մ.Տեր-Մովսիսյանը վախճանվել է 1939թ. հունիսի 3-ին:
ՄԵՍՐՈՊ ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ
1865-1939