Մխիթար Գաբրիելյան
1989 թ. ավարտելով Գյումրու Մ. Մաշտոցի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը, ընդունվել և 1994 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1994 - 1997 թթ. սովորել է պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում:

1998 թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես գիտաշխատող: 2007 թ-ից ավագ գիտաշխատող է: 2001 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Սոցիոմշակութային գործընթացները ՀՀ արդի գյուղում (ազգագրական ուսումնասիրություն)» թեմայով:

2005 - 2009 թթ. ղեկավարում է «Հայոց սոցիոնորմատիվ մշակույթը 20-րդ դարում» և «Վերաբնակության գործընթացների ազգաբանական առումները (19-րդ դարի երկրորդ կես-20-րդ դար)» գիտական թեմաները:

2001 թ-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում դասավանդում է մի շարք ընդհանուր և հատուկ մասնագիտական դասընթացները:

Գիտական հետաքրքրությունների շրջանակներում են անցումային հասարակությունների սոցիոմշակութային հիմնախնդիրները, տնտեսական, քաղաքական ու մշակութային փոխակերպումները, պատերազմի և էթնիկ կոնֆլիկտների մարդաբանությունը, Կովկասի ժողովուրդների ազգագրությունն ու կովկասյան տարածաշրջանի էթնիկ հակամարտությունները:

1993 - 2009 թթ. դաշտային ազգագրական հետազոտություններ է իրականացրել ՀՀ բոլոր մարզերի և ԼՂՀ շուրջ 300 գյուղական ու քաղաքային համայնքներում:

1994 - 2009 թթ. ղեկավարել է տարբեր միջազգային ծրագրեր: Որպես հրավիրված փորձագետ մասնակցել է «ՀՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի» մշակման, «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ժողովրդագրական բլոկի վերանայման», «Ժողովրդագրական հիմնական հասկացությունների բառարանի» կազմման շխատանքներին, այլ նախագծերի:

Մասնակցել է շուրջ երկու տասնյակ միջազգային և հանրապետական գիտական նստաշրջանների:

Հեղինակ/համահեղինակ է 8 մենագրության և շուրջ 40 գիտական հոդվածների ու հրապարակումների:

2007 թ. ղեկավարում է «Ազգագրություն» մագիստրոսական ծրագիրը:

2009 թ. նշանակվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ:
Մխիթար Գաբրիելյան