ՄԿՐՏԻՉ ՄԱԶՄԱՆՅԱՆ
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԽՍՀՄ ՄԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1910թ. մարտի 8-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1930թ. ավարտել է ԵՊՀ մանկավարժական ֆակուլտետը:

1940թ. Մ.Մազմանյանը պաշտպանել է թեկնածուական, 1965թ.` դոկտորական ատենախոսություն: 1966թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1967թ. ընտրվել է ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:

1933-1969թթ. որոշ ընդհատումներով նա աշխատել է ԵՊՀ-ում: Նրա գիտամանկավարժական գործունեությունը 1951-1977թթ. հիմնականում ընթացել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, որտեղ երկար տարիներ եղել է հոգեբանության ամբիոնի վարիչ: 1948-1952թթ. եղել է «Սովետական մանկավարժ» ամսագրի խմբագիրը:

Մ.Մազմանյանը թողել է բավական հարուստ ժառանգություն` մենագրություններ, բուհական դասագրքեր ու ձեռնարկներ, գիտական հոդվածներ և այլն: Դրանցից հատկապես հիշատակելի են «Ուրվագծեր հոգեբանությունից» (Եր., 1951), «Սեր, ամուսնություն և ընտանիք» (Եր., 1959), «Դասախոսություններ հոգեբանությունից» (Եր., 1959), «Բնավորություն» (Եր., 1969), «Մանկավարժական հոգեբանության մի քանի հարցեր» (Եր., 1975) գրքերը:

1965թ. Մ.Մազմանյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Վախճանվել է 1977թ. փետրվարի 17-ին Երևանում:
ՄԿՐՏԻՉ ՄԱԶՄԱՆՅԱՆ
1910-1977