ՄԽԻԹԱՐ ՋՐԲԱՇՅԱՆ
Մաթեմատիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1918թ. սեպտեմբերի 11-ին Երևանում: 1941թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1942-1945թթ. սովորել է ասպիրանտուրայում: 1945թ. Մ.Ջրբաշյանը պաշտպանել է թեկնածուական, 1949թ.` դոկտորական ատենախոսություն: 1950թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1953թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1956թ.՝ ակադեմիկոս:

1943-ից Մ.Ջրբաշյանը դասավանդել է ԵՊՀ-ում: 1957-1960թթ. եղել է ֆիզիկամաթեմատիկական, ապա մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1978-1994թթ.՝ ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ: 1945-ից նա աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ-ում: 1955-1971թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ, 1971-1989թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն, 1966-ից՝ «Մաթեմատիկա» (ՀԽՍՀ ԳԱ տեղեկագիր) հանդեսի հիմնադիր գլխավոր խմբագիր:

1963-1973թթ. Մ.Ջրբաշյանը ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոսքարտուղարն էր, 1973-1978թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ:

Նա շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Նրա ուսումնասիրություններն ընդգրկում են ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մի շարք ուղղություններ՝ մոտավորությունների տեսություն, հարմոնիկ անալիզ, ինտեգրալ ձևափոխություններ և ֆունկցիաների ներկայացումներ, մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորացման և դրանց եզրային հատկություններ:

Առավել արժեքավոր են Մ.Ջրբաշյանի «Интегральные преобразования и представления функций в комплексной области» (М., 1966), «Классы и граничные свойства функций мероморфных в круге» (М.,1993), «Harmonic analysis and boundary value problems in the complex domain» (Շվեյցարիա, 1993) մենագրությունները:

Նա մեծ ավանդ ունի 4050-ականներին ձևավորված հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման ու զարգացման գործում:

1964թ. Մ.Ջրբաշյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով:

Վախճանվել է 1994թ. մայիսի 6-ին Երևանում:
ՄԽԻԹԱՐ ՋՐԲԱՇՅԱՆ
1918-1994