ՆԻԿՈՂԱՅՈՍ ԲՈւՆԻԱԹՅԱՆ
Ճարտարապետ, գիտնական, մանկավարժ

Ծնվել է 1878թ. օգոստոսի 24-ին Թիֆլիսում: Միջնակարգ կրթությունն ստացել է Բաքվի ռեալական ուսումնարանում: 1907թ. ավարտել է Օդեսայի գեղարվեստական ուսումնարանը, 1914թ.՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական ֆակուլտետը` ճարտարապետ-նկարչի որակավորմամբ: 1920թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1914թ. սկսած Ն.Բունիաթյանը պարբերաբար զբաղվել է Անիի և Շիրակի հուշարձանների , իսկ ավելի ուշ 1930թ., նաև Գառնի ամրոցի և հատկապես հեթանոսական տաճարի չափագրմամբ ու վերականգնման նախագծով: Նրա չափագրություններն իրենց ճշգրտությամբ, կատարման վարպետությամբ բարձրարվեստ և ուսանելի գործեր են:

Ալ. Թամանյանի հրավերով Ն. Բունիաթյանը 1924թ. տեղափոխվել է Երևան մշտական բնակության: Աշխատել է որպես ինժեներ-շինարար, նախագծող ճարտարապետ, գիտնական, մանկավարժ, 1924-1938թթ. նաև Երևանի գլխավոր ճարտարապետ:

Ն.Բունիաթյանի նախագծերով Երևանում, Լենինականում և Հայաստանի ուրիշ քաղաքներում ու բնակավայրերում, իսկ նախահեղափոխական շրջանում նաև Ռուսաստանում, կառուցվել է 70-ից ավելի շենք:

1924թ. Ն.Բունիաթյանը հրավիրվել է ԵՊՀ՝ նորաբաց տեխնիկական(շինարարաան) ֆակուլտետում դասախոսություններ կարդալու նախագծման ու ճարտարապետության պատմության վերաբերյալ: Եղել է նույն ֆակուլտետի դեկան:

Ալ.Թամանյանի հետ համագործակցության ժամանակ «ազգայնական ճարտարապետության» ավանդույթները խորհրդային շինարվեստի մեջ բերելու և այլ անհիմն մեղադրանքներով Ն.Բունիաթյանը 1937թ. ձերբակալվել է և մեկ տարի անց, թոքախտի սրման ու այլ հանգամանքների բերումով, ազատվել:

1940թ. նշանավոր ճարտարապետ Կ.Հալաբյանի միջնորդությամբ նա հրավիրվել է Մոսկվա` ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ինստիտուտ, որտեղ վարել է դեկանի, ապա` փոխտնօրենի պաշտոն:

Ն.Բունիաթյանի ստեղծագործական տաղանդը փայլել է ճարտարապետական արվեստի բոլոր բնագավառներում նախագծման, կառուցման, չափագրությունների: Լինելով ճարտարապետական մասնագիտական կադրերի պատրաստման գործի հիմնադիրներից մեկը Հայաստանում` նա մեծ ջանք է գործադրել կադրերի աճեցման և վարպետության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Հեղինակ է «Հեթանոսական տաճար Տրդատի պալատին կից Գառնի ամրոցում» (ռուս., Եր., 1933), համահեղինակ «Архитектура Армении (I-XIX вв.)» (М., 1950) գրքերի:

Իր կյանքի վերջին տարիներին Ն. Բnւնիաթյանը մասնակցել է «Հայկական ճարտարապետության պատմություն» բազմահատոր աշխատության ստեղծմանը, որը, սակայն, մնացել է անավարտ:

Ն.Բունիաթյանը վախճանվել է 1943թ. դեկտեմբերի 13-ին Մոսկվայում:
ՆԻԿՈՂԱՅՈՍ ԲՈւՆԻԱԹՅԱՆ
1878-1943