ՆՈՐԱՅՐ ՔՈՉԱՐՅԱՆ
Ֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ,
ՀԽՍՀ գիտության վասաակավոր գործիչ


Ծնվել է 1906թ. հոկտեմբերի 16-ին Երևանում: 1925թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: 1925- 1927թթ. աշխատել է Ստեփանավանում որպես ուսուցիչ: 1927-1931թթ. սովորել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: 1931-1934թթ. Ն.Քոչարյանը եղել է ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1934-1938թթ.՝դոցենտ, 1938- 1945թթ. ԵրՊԻ ֆիզիկայի, 1938-1956թթ.՝ ԵՊՀ փորձարարական ֆիզիկայի և 1956-1960թթ. նյութի կառուցվածքի ամբիոնների վարիչ: 1943թ. ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի, իսկ 1955թ. Հայաստանում ֆիզիկոսներից առաջինը դոկտորի գիտական աստիճան:

1956թ. Ն.Քոչարյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ: 1957թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Նա ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին դեկանն էր (1959-1960թթ.):

Ն.Քոչարյանն իր գիտական առաջին աշխատանքները կատարել է 1943թ. Արագածի գիտական արշավախմբի կազմում:

1944-1960թթ. զբաղվել է տիեզերական ճառագայթման բաղադրության, մասնիկների էներգիական և զանգվածների սպեկտրների, ինչպես նաև բարձր էներգիաներով մասնիկների և ատոմային միջուկների փոխազդեցության պրոցեսների հետազոտմամր:

1950-ականների վերջերից Ն.Քոչարյանի գիտական աշխատանքների հիմնական ուղղությունը դառնում է պինդ մարմնի և պոլիմերների ֆիզիկան: Նա անիզոտրոպ պոլիմերներում հայտնաբերել է «մակածված» պիեզոերևույթը, ուսումնասիրել լուծույթներում ուլտրաձայնային ճառագայթման ազգեցությամբ պոլիմերների կառուցվածքափոխման մեխանիզմները:

Ն.Քոչարյանը հեղինակ է շուրջ 65 գիտական հոդվածների, «Տիեզերական ճառագայթներ: Պոլիմերների ֆիզիկա» (ռուս., Եր., 1973) մենագրության , ինչպես նաև ֆիզիկայի պրակտիկումի հայերեն առաջին ձեռնարկի:

Մեծ է Ն.Քոչարյանի դերը Հայաստանում ֆիզիկայի զարգացման և գիտական կադրերի պատրաստման գործում: 1943թ. Ալիխանյան եղբայրների հետ նա մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի (հետագայում Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) կազմակերպմանը: 1944-1949թթ. նա այդ ինստիտուտի փոխտնօրենն էր, 1949-1960թթ.՝ փոքր էլեկտրամագնիսի լաբորատորիայի, իսկ 1960-1962թթ. պոլիմերների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչը: 1962թ. կազմակերպել և ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ կենտրոնական ֆիզիկատեխնիկական լաբորատորիան: Նրա ջանքերով Հայաստանում պինդ մարմնի ֆիզիկայի և ֆիզիկայի այլ բնագավառների զարգացման համար անհրաժեշտ կադրեր են պատրաստվել ԽՍՀՄ հեղինակավոր գիտական և ուսումնական կենտրոններում:

1967թ. Ն.Քոչարյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

Վախճանվել է 1967թ. մարտի 14-ին Երևանում:
ՆՈՐԱՅՐ ՔՈՉԱՐՅԱՆ
1906-1967