ՌԱՖԱՅԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ
Մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ


Ծնվել է 1923թ. մարտի 29-ին Ալեքսանդրապոլում (այժմ`Գյումրի): 1945թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1948-ին` Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան : 1948-1950թթ. աշխատել է ԵՊՀ-ում որպես ավագ դասախոս: 1949թ. Ռ.Ալեքսանդրյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1955թ. ստացել է դոցենտի կոչում:

1954-1959թթ. նա ղեկավարել է ԵՊՀ դիֆերենցիալ հավասարումների ամբիոնը, 1959-1963թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի տնօրեն: 1962թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1966թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1963թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1986թ.՝ ակադեմիկոս:

1963-1978թթ. Ռ.Ալեքսանդրյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի բաժնի վարիչ, 1966-1967թթ.՝ ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1978-1988թթ. ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ:

Ռ.Ալեքսանդրյանի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են` մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներ, ֆունկցիոնալ անալիզի, ընդհանուր և հանրահաշվական տոպոլոգիայի տեսության հարցեր: Նա հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների և համահեղինակ "Общая топологиа" (М., 1979) դասագրքի:

1986թ. Ռ.Ալեքսանդրյանն արժանացել Է ԽՍՀՄ Պետական մրցանակի: 1983թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

Վախճանվել է 1988թ. մարտի 22-ին Երևանում:
ՌԱՖԱՅԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ
1923-1988