Ռուբեն Համբարձումյան
Ծնվել է 1941թ. հոկտեմբերի 28 – ին Ելաբուգա քաղաքում (ՌԴ, Թաթարական ԻՀ):

1957թ. ավարտել է Երևանի թիվ 8 միջնակարգ դպրոցը և ընդունվել Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1962թ.: Այնուհետև Ռ. Համբարձումյանը մեկ տարի եղել է ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի, իսկ 1963 – ից ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող:

1967թ. նա պաշտպանել է թեկնածուական, 1976թ.` դոկտորական ատենախոսություն: 1981-ից Ռ. Համբարձումյանը գլխավորում է այդ ինստիտուտի հավանականությունների տեսության բաժինը: 1979-1986թթ. եղել է ԵՊՀ հավանականությունների տեսության ամբիոնի վարիչ: 1982թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1986թ.` ակադեմիկոս:

Ռ. Համբարձումյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են պատահական պրոցեսների, ինտեգրալային երկրաչափության և ստոխաստիկ երկրաչափության հիմնախնդիրներին:

Հեղինակ է շուրջ 70 գիտական հոդվածների և “Combinatorial Integral Geometry” (Cambridge Univ., John Wiley & Sons, Ltd, UK, 1982), “Factorization Calculus and Geometric Probability” (Cambridge Univ., John Wiley & Sons, Ltd, UK, 1990) մենագրությունների, համահեղինակ` “Введение в стохастическую геометрию” (М., 1989) աշխատության:

1996-2009 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ «Տեղեկագիր. մաթեմատիկա» ամսագրի գլխավոր խմբագիր: Հայաստանի Կոմբինատոր ինտեգրալ երկրաչափության դպրոցի հիմնադիրն է:
Ռուբեն Համբարձումյան