ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆ
Մաթեմատիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս


Ծնվել է 1928թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1947թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1949թ.` ԽՍՀՄ ԳԱ Վ.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան: Գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման ներկայացրած նրա ատենախոսությունը մասնագիտական խորհուրդը գնահատել է որպես դոկտորական, և 1949թ. Ս.Մերգելյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1951թ.` պրոֆեսորի կոչում: 1953թ. Ս.Մերգելյանն ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1956թ.` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:

1956-1960թթ. Ս.Մերգելյանը եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենը: 1962-1965թթ. և 1971-1979թթ. նա ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը: 1963-1971թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ և ԽՍՀՄ ԳԱ Վ.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ, 1971-1974թթ.` ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ: 1972-1979թթ. նա ղեկավարել է ԵՊՀ թվային անալիզի ամբիոնը, 1979-1982թթ.` ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժինը: 1982-1986թթ. նա Կիրովականի (այժմ` Վանաձոր) պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորն էր:

Ս.Մերգելյանի հետազոտություններն ընդգրկում են ժամանակակից անալիզի մի շարք բնագավառներ: Նա հիմնարար արդյունքներ է ստացել կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսության բնագավառում: Իր կողմից ստեղծված նոր մեթոդով սպառիչ կերպով լուծել է կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաները բազմանդամներով հավասարաչափ մոտարկելու հնարավորության պրոբլեմը` ավարտելով մոտավորությունների տեսության զարգացման` 1930-ականներին Մ.Լավրենտևի և Մ.Կելդիշի հետազոտություններով սկսված փուլը:

Ս.Մերգելյանը մեծ վաստակ ունի միջազգային ճանաչում ստացած հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման և հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում հաշվողական տեխնիկայի ու կիբեռնետիկայի զարգացման գործում:

1952թ. Ս.Մերգելյանին շնորհվել է ԽՍՀՄ Պետական մրցանակ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Մեսրոպ Մաշտոց» (2008) շքանշաններով:

Վախճանվել է 2008թ. օգոստոսի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ), աճյունն ամփոփված է Մոսկվայում:
ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆ
1928-2008