ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆ
Արքեպիսկոպոս,
բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր


Ծնվել է 1926թ. հուլիսի 24-ին Հալեպում: Ավարտել է ծննդավայրի Հայկազյան վարժարանը, այնուհետև 1938թ.` Մխիթարյան հայրերի վարժարանը, 1945թ.` Հալեպի ֆրանսիական քոլեջը, 1947թ.`Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի դպրեվանքը, 1951թ.` Բրյուսելի համալսարանը:

1960թ. պաշտոնավարության է հրավիրվել Երուսաղեմ և 1965թ. ձեռնադրվել եպիսկոպոս: 1975թ. նշանակվել է Մայր աթոռ Ս.էջմիածնի ներկայացուցիչը Եկեղեցիների համաշխարհային խորհրդում: Եղել է Հայոց պատրիարքարանի պաշտոնական հանդեսի` «Սիոն» ամսագրի խմբագիր: 1982թ. հիմնել է Ձիթենյաց լեռան Հայ Աստվածաշնչի կենտրոնը: 1995-2005թթ. եղել է ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր դեկանը:

Շ.Աճեմյանը դասախոսական գործունեություն է ծավալել Անթիլիասի, Բեյրութի կրթօջախներում և Դպրեվանքում: Դասավանդել է նաև Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, Փոլատջյան ճեմարանում:

Հեղինակ է բազմաթիվ գրքերի և շուրջ 150 հոդվածի, որոնք տպագրվել են «Հասկ», «Սիոն» և «էջմիածին» հանդեսներում: Գրքերից հիշատակելի են հատկապես «Գիրք սաղմոսաց Դավթի» (Երուսաղեմ, 1988), «Մայր ցուցակ հայ Աստվածաշնչի ձեռագիրներու» (Լիզպոն, 1992), «Քերականություն արաբերեն լեզուի» (Բեյրութ, 1951), «Արիստոտելի ստորոգութեանց երկի Դաւիթ Անյաղթի մեկնութիւնը», «Հայերեն Աստուածաշունչը» (Եր., 2006) և այլն: 2001թ. սկիզբ է դրել «Աճեմյան մատենաշարին», որով հրատարակվել են բազմաթիվ հետազոտություններ ու սկզբնաղբյուրներ :

Շ.Աճեմյանը վախճանվել է 2005թ. հուլիսի 13-ին Երևանում, թաղված է Էջմիածնում:
ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆ
1926-2005