ՍՏԵՓԱՆ ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է 1924թ. ապրիլի 15-ին Նախիջևանի Շահկերտ (Ղազանչի) գյուղում: 1945թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը և ընդունվել ասպիրանտուրա:

1949թ. Ստ.Մելիք-Բախշյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել համալսարանի հայոց պատմության ամբիոնում որպես դոցենտ: 1965թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1969թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Նա շուրջ հիսուն տարի դասավանդել է ԵՊՀ-ում, ինչպես նաև Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում:

Հեղինակ է մի շարք մենագրությունների, որոնցից առավել կարևոր են` «Սոցիալական շարժումները Հայաստանում V դարում» (Եր., 1950), «Պավլիկյան շարժումը Հայաստանում» (Եր., 1953, ռուս.՝ 1955), »Հայաստանը VII-IX
դարերում» (Եր., 1968):

Ստ.Մելիք-Բախշյանը լուրջ վաստակ ունի նաև բուհական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների ստեղծման գործում: Նա համահեղինակ է «Հայ ժողովրդի պատմություն» բուհական դասագրքի, որն ունեցել է մի քանի հրատարակություն (Եր., 1958-1960, 1963, 1975): Հեղինակ է նաև «Հայկական հնագրություն» (Եր., 1978) և «Հայոց պատմության աղբյուրագիտություն» (Եր., 1979, 1989, 1996) բուհական դասագրքերի:

Հայագիտական մնայուն արժեք են «Հայոց պաշտամունքային վայրեր» (Եր., 2009) հանրագիտարանային բառարանը և Թ.Հակոբյանի ու Հ.Բարսեղյանի համահեղինակությամբ ստեղծած հինգհատորյա «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը», որը 2003թ. արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի:

Ստ.Մելիք-Բախշյանը վախճանվել է 1998թ. մարտի 28-ին Երևանում:
ՍՏԵՓԱՆ ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆ
1924-1998