ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ
Երկրաբան, պրոֆեսոր

Ծնվել է 1889թ. նոյեմբերի 9-ին Վանում: Սկզբնական կրթությունն ստացել է Վանի Երամյան դպրոցում, ուսումը շարունակել է Էրզրումի Սանասարյան վարժարանում: 1912թ. ավարտելով Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը՝ վերադարձել է Վան և երկու տարի աշխատել քաղաքի դպրոցներում: 1916թ. վերադարձել է Թիֆլիս և մինչև 1918թ. բնագիտական առարկաներ դասավանդել հայկական դպրոցներում:

1919-1920թթ. Տ.Ջրբաշյանը եղել է Թիֆլիսի համալսարանի բնագիտական ֆակուլտետի ուսանող և ուսմանը զուգահեռ աշխատել տեղի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես հանքաբանական կաբինետի լաբորանտ: 1920թ. մեկնել է Փարիզ և ընդունվել Սորբոնի համալսարան, ապա տեղափոխվել Փարիզի լեռնային ինստիտուտ, որն ավարտել է 1924թ.:

Աշխատելով Փարիզի բնապատմական թանգարանում՝ զբաղվել է երկրաբանությամբ և միաժամանակ եղել Սորբոնի համալսարանի ազատ ունկնդիր:

1925թ. վերադառնալով հայրենիք՝ Տ.Ջրբաշյանն աշխատանքի է անցել ԵՊՀ-ում որպես բնագիտական ֆակուլտետի երկրաբանական առարկաների դասախոս: 1929թ. նրան շնորհվել է դոցենտի, 1933թ.՝ պրոֆեսորի կոչում: 1934թ. նշանակվել է աշխարհագրականերկրաբանական ֆակուլտետի դեկան:

Տ.Ջրբաշյանն աշխատել է նաև ժողտնտխորհի լեռնային բաժնում և կիրառական երկրաբանության ինստիտուտում որպես գլխավոր ինժեներ և արշավախմբի պետ, հետազոտել է մերձերևանյան շրջանների ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրերը, Կոտայքի և Հրազդանի շրջանների պեմզաներն ու դիատոմիտները, Ջարխեջի կոնգլոմերատները, Ջրվեժի գիպսը, Թալինի պեռլիտները և մի քանի այլ հանքավայրեր: Նա ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի երկրաբանական ինստիտուտում գլխավորել է Կոտայքի շրջանի արշավախումբը:

Տ.Ջրբաշյանը երկու անգամ ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր (1930, 1933), երկրաբանական համամիութենական համագումարի (Տաշքենդ, 1928) և միջազգային XVII երկրաբանական համաժողովի (Մոսկվա, 1937) պատգամավոր:

1937թ. Տ.Ջրբաշյանը բռնադատվել է ու գնդակահարվել: Արդարացվել է հետմահու:
ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ
1889-1937