ՎԱՐԴԳԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր,
ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան


Ծնվել է 1918թ. հոկտեմբերի 18-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1936թ. ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1941թ.` ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը:

1954թ. Վ.Ավետիսյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:

1946-1954թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, 1954-ից` ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի ընդհանուր և կիրառական երկրաբանության ամբիոնում որպես դոցենտ: 1968-1976թթ. եղել է նույն ամբիոնի վարիչ, 2000թ.՝պրոֆեսոր: 1960թ. ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական ինստիտուտի, երկրաբանական վարչության և ԵՊՀ համալիր արշավախմբի կազմում կատարել է Վեդի գետի ավազանի մանրակրկիտ երկրաբանահետազոտական և քարտեզագրական աշխատանքներ:1972-1988թթ. զբաղվել է ՀԽՍՀ կենտրոնական հրաբխային բարձրավանդակի և միջլեռնային գոգավորությունների ու հնահովիտների ստորերկրյա ջրերի որոնման, հետախուզման և շահագործական պաշարների գնահատման գիտամեթոդական հարցերով, կազմել է ջրային պաշարների տեղաբաշխման քարտեզներ: Նրա հետազոտթյունները ներկայացված են շուրջ երկու տասնյակ գիտաարտադրական հաշվետվությունների, երեք մենագրությունների, վեց քարտեզների և տպագրված ութսուն գիտական հոդվածների տեսքով:

Վ.Ավետիսյանը զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժոդովներում:
1970թ. Վ.Ավետիսյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբանի կոչման: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով, բազմաթիվ մեդալներով, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով:

Վախճանվել է 2007թ. հոկտեմբերի 12-ին Երևանում:
ՎԱՐԴԳԵՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
1918-2007