ՎԱԶԳԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Լեզվաբան, գրաբարագետ, գրող,
բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր


Ծնվել է 1923թ. մարտի 31-ին Հրազդանում: 1940թ. ավարտել է Երևանի թիվ 13 միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետ:

1941-1943թթ. Վ.Գևորգյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել է և զորացրվել: Կրթությունը շարունակել է բանասիրության ֆակուլտետում: 1945թ. ավարտել է համալսարանը և 1946թ. ընդունվել ԵՊՀ ասպիրանտուրա:

1950թ. Վ.Գևորգյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մինչև 1984թ. գրաբար է դասավանդել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնում, իսկ 1985-ից մինչև կյանքի վերջը՝ հայոց լեզվի պատմության ամբիոնում: 1952թ. նրան շնորհվել է դոցենտի, 1991թ.՝ պրոֆեսորի կոչում:

1994-1995 ուստարում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հրավերով Վ.Գևորգյանը գրաբար է դասավանդել Երուսաղեմի Ալեք և Մարի Մանուկյանների անվան ժառանգավորաց վարժարանում և ընծայարանում:

Նա հայտնի էր նաև իր բանասիրական, բանաստեղծականթարգմանչական գործունեությամբ: Հայ գրականության և մշակույթի մեջ լուրջ ներդրում են Գր.Նարեկացու «Մատյան ողբերգության» (Եր., 1970, 1979, 1996) և «Տաղերի» (Եր., 1979) նրա աշխարհաբար թարգմանությունները: Նա թարգմանել է նաև «Լերմոնտով, բանաստեղծություններ և պոեմներ» գիրքը, ինչպես նաեւ «Դև» պոեմը: Հեղինակ է «Լերմոնտով» (Եր., 1956) չափածո ողբերգության, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածների:

Վ.Գևորգյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի I աստիճանի շքանշանով, «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» և այլ մեդալներով:

Վ.Գևորգյանը վախճանվել է 2002թ. մայիսի 15-ին Երևանում:

Նրա անունով է կոչվում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի լսարաններից մեկը:
ՎԱԶԳԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
1923-2002