22.10.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ առաջին ընթացիկ (միջանկյալ) քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, իսկ հարգելի հիմնավորում ունեցող բացականերին կընձեռվի հնարավորություն դրանք հանձնելու իրենց համար սահմանված ժամկետում:

Առցանց տեղի ունեցած նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի առաջարկությամբ գիտխորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոս նահատակների հիշատակը:

 

Այնուհետև Գեղամ Գևորգյանը պարզաբանեց, թե ինչու է հրավիրվել նիստը՝ փաստելով, որ շաբաթ օրը գիտխորհրդի անդամներին հարցման կարգով ուղարկվել է առաջարկություն՝ փոխելու առաջին ընթացիկ քննությունների ժամանակացույցը:

 

Նրա խոսքով,  ըստ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի՝ դրանք պետք է անցկացվեն առաջին կիսամյակի 9-րդ շաբաթում: Ըստ այդմ՝ առաջինկուրսեցիների համար այն առաջիկա շաբաթն է, իսկ մյուս կուրսերի ուսանողների համար՝ նոյեմբերի 2-րդ շաբաթը:

 

«Սակայն այդ դեպքում հստակ չէ, թե երբ է 17-րդ շաբաթը, որի ընթացքում պետք է կազմակերպվեն երկրորդ ընթացիկ քննությունները: Այդ պատճառով առաջարկվել է բոլոր կուրսերի համար առաջին ընթացիկ քննությունները կազմակերպել նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում»,- նշեց Գեղամ Գևորգյանը և ասաց, որ երկուշաբթի գիտխորհրդի 19 ուսանող անդամ դիմում է ներկայացրել՝ քննարկելու ընթացիկ քննություններն այս կիսամյակում չեղարկելու հարցը:

 

ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Դավիթ Մաթևոսյանի պարզաբանմամբ, հաղորդագրությունը, որ ընթացիկ քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, շատ ուսանողների կողմից բացասաբար է ընկալվել. «Փաստարկների մեծ մասն առնչվում էր խնդիրներին, որ ուսանողներից շատերը ռազմաճակատում են, մի մասը՝ ապաստարաններում, մյուս մասն էլ օբյեկտիվ այլ պատճառներով չի կարող մասնակցել»:

 

Նրա խոսքով, այս տեսակետը միակը չէ ուսանողների շրջանում, բայց գերակշռում է, այդ պատճառով ՈՒԽ-ն որոշել է բարձրաձայնել նրանց տեսակետը և հանդես գալ առաջարկությամբ. «Ես կարծում եմ, որ հարցը ոչ թե այն է՝ առհասարակ քննություններ պետք է լինեն, թե ոչ, քանի որ առանց գիտելիքի ստուգման մեխանիզմի կրթության որակն էականորեն անկում է ապրում, այլ այն, թե ինչպես ենք մենք արձագանքում ստեղծված իրավիճակին»:

 

Ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ այս պարագայում երեք տարբերակ կա գործելու. անտեսել բացասական արձագանքները, չեղարկել միջանկյալ քննությունները, որը կբավարարի ուսանողների մտահոգությունները, բայց կխաթարի ուսումնական գործընթացը, և կարելի է գտնել միջանկյալ լուծում, որը թույլ կտա չխաթարել ուսումնական գործընթացը, բայց նաև ինչ-որ կերպ կփարատվեն օբյեկտիվ պատճառներից բխող անհանգստությունները:

 

Գիտխորհրդի անդամների քվեարկության արդյունքում ուսանողների կողմից ներկայացված առաջարկությունը ներառվեց նիստի օրակարգում, որից հետո Դավիթ Մաթևոսյանը փաստեց, որ շատ կարևոր է հասկանալ, թե ԵՊՀ ղեկավարությունն ինչ է մտածում այս խնդրի վերաբերյալ, ինչ լուծում կառաջարկվի:

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի խոսքով, արդեն ավելի քան քսան օր է, ինչ մեր հայրենակիցները կատաղի մարտերում անում են ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն Արցախի և Հայաստանի ազատությունն ու անկախությունը. «Թիկունքում հազարավոր մարդիկ օր ու գիշեր աշխատում են, իրենց աշխատանքից դուրս իրականացնում են կամավորական աշխատանք՝ ապահովելու ռազմաճակատի ամրությունը»:

 

Նրա տեղեկացմամբ, որևէ մեկին հայտնի չէ, թե երբ կավարտվի այս մղձավանջը. «Դժբախտաբար մենք ոչ հեռու անցյալում ունեցել ենք նման իրավիճակ: 90-ական թթ. էլի պատերազմ էր, էլի զոհեր, երկրի նյութական վիճակը շատ ավելի վատ էր, չկար էլեկտրականություն, շատ շենքերում չկար ջրամատակարարում: Մարդիկ մոմի լույսի տակ սովորում էին, գիտական աշխատանք գրում, ռազմաճակատի տղաների համար գուլպա գործում և այլ գործեր, ու որևէ մեկի մտքով չէր անցնում դադարեցնել ուսումնական գործընթացը»:

 

Գեղամ Գևորգյանի կարծիքով, կրթական գործընթացը, որի բաղադրիչ կարևոր մաս է նաև գիտելիքների ստուգումը, չպետք է դադարի: Նա, համաձայնելով Դ. Մաթևոսյանի դիտարկմանը, նշեց, որ այո՛, կան ուսանողներ, որոնք չեն կարող մասնակցել քննություններին և առհասարակ ուսումնական գործընթացին: 

 

Նա առաջարկեց անցկացնել միջանկյալ քննությունները՝ դրանք մեկ շաբաթ հետաձգելով, իսկ այն ուսանողների բացակայությունը, որոնք օբյեկտիվորեն չեն կարող մասնակցել քննություններին, համարել հարգելի:

 

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի հավաստմամբ, այդ ուսանողները հնարավորություն կունենան դիմում ներկայացնելու դեկանատներ, որոնք առանձին-առանձին կքննարկվեն. «Ավելին՝ եթե այդ ուսանողները ցանկանան, բոլոր ֆակուլտետները պատրաստ են նրանց համար կազմակերպել խորհրդատվություններ, որից հետո էլ կհանձնեն քննությունները»:

 

Բացի դրանից՝ Գեղամ Գևորգյանի խոսքով, գրեթե բոլոր ֆակուլտետներում ընթացիկ քննությունների քանակը կրճատվել է՝ հասնելով նվազագույն երեքի: ԵՊՀ գիտխորհրդի անդամ Նարեկ Մարգարյանի բարձրաձայնած մտահոգությանն էլ ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն ասաց, որ դիմումների ստուգումը պետք է միասին իրականացվի:

 

ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Մերի Վարդումյանն էլ բարձրաձայնեց ուսանողների մտահոգությունն այն հարցի վերաբերյալ, թե տեխնիկական խնդիրների պատճառով գրեթե երկու շաբաթ է կազմակերպվել ուսումնական գործընթացը. «Ուսանողներին հետաքրքրում է, թե ինչպե՞ս են հանձնելու միջանկյալ քննությունը»: Գեղամ Գևորգյանը պատասխանեց, որ հարցատոմսերում ներառվելու են միայն հարցերը, որոնք ուսանողներն անցել են:

 

Նա  հորդորեց ուսանողներին բարձրաձայնել այն դեպքերը, երբ ուսումնական գործընթացը պատշաճ չի կազմակերպվում, և պահանջել, որ կրթական ծառայությունները մատուցվեն: Նա նաև բարձրաձայնված խնդրին ի պատասխան ասաց, որ միջանկյալ քննություններին կկարողանան մասնակցել  այն ուսանողները, որոնք վճարել են առաջին կիսամյակի ուսման վարձավճարի 25 %-ը: Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ օբյեկտիվ հիմնավորումներ ներկայացնելու դեպքում կընդառաջեն ուսանողներին՝ բացառությամբ առաջինկուրսեցիների դեպքում, քանի որ նրանց հրամանագրումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ առաջին կիսամյակի ուսման վարձավճարի 25 %-ը վճարվում է:

 

18 կողմ, 40 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ գիտխորհուրդը որոշեց անցկացնել ընթացիկ քննությունները, իսկ 55 կողմ, 3 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ՝ դրանք անցկացնել նոյեմբերի 2-7-ը:

 

Գիտխորհրդի առցանց նիստի ընթացիկ հարցի շրջանակում ԵՊՀ գիտխորհուրդն ընդունեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում Մերձավոր արևելյան հետազոտությունների կենտրոն ստեղծելու առաջարկը:

 

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով, կենտրոնը նպատակ ունի դառնալու հարթակ, որտեղ իրանագիտության, արաբագիտության, թյուրքագիտության ոլորտի ներկայացուցիչները կարող են համատեղ իրականացնել հետազոտություններ՝ ներգրավելով արտաֆակուլտետային, ինչպես նաև արտահամալսարանական մասնագետներին:

 

Նրա տեղեկացմամբ, կենտրոնի ստեղծման նպատակը տարբեր ուղղությունների համադրմամբ բազմաթիվ խնդիրների դիտարկումն է: Ռ. Մելքոնյանն ասաց, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի հետ առկա է նախնական պայմանավորվածություն, որի արդյունքում կտրամադրվի պետական դրամաշնորհային ծրագիր:

 

Գեղամ Գևորգյանը նշեց, որ Մերձավոր արևելյան հետազոտությունների կենտրոն ստեղծելու որոշումն առաջիկայում կներկայացվի Հոգաբարձուների խորհրդին:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ
Հեռակա ուսուցմամբ անվճար հիմունքով Երևանի պետական համալսարանին հատկացվել է ընդամենը 13 տեղ, որից 3-ը՝ Արցախի Հանրապետության համար:
«ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ»․ ԵՊՀ ԴԵԿԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԺ-ԻՑ ԱՆՀԱՊԱՂ ՀԵՏ ԿԱՆՉԵԼ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։