10.03.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է  «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը:

Ինչպես արդեն մեզ հետ զրույցում նշել էր ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ում հիմնական, համատեղությամբ կամ ժամավճարային հիմունքներով դասավանդողները, որոնք տվյալ ուսումնական տարվա ընթացքում համալսարանում դասավանդել են առնվազն 2 մասնագիտական դասընթաց:

 

Մրցույթը բաղկացած է երկու բաղադրիչից: Առաջին բաղադրիչի շրջանակում տեղի է ունենալու մրցանակակիրների ընտրությունը, որն իրականացվելու է մրցութային ուսումնական տարում: Երկրորդ բաղադրիչի շրջանակում էլ լավագույն փորձի տարածման համար տեսաձայնագրվելու է մրցանակակիր դասախոսների առաջարկած մեկ լսարանային դասընթացի ամբողջական շարք, որն իրականացվելու է առաջին փուլին հաջորդող ուսումնական տարվա ընթացքում:

 

Տեղեկացնենք, որ մրցույթն անցկացվում է 4 անվանակարգում՝ ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, բանասիրական և հասարակագիտական: Յուրաքանչյուր անվանակարգով մրցանակաբաշխությունը կազմակերպվելու և անցկացվելու է հանձնաժողովների կողմից, որոնք արդեն ձևավորվել են:

 

Մրցույթի հաղթողներին տրվելու են հավաստագիր և պարգևատրում՝ 300.000 ՀՀ դրամի չափով, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը: Բացի դրանից՝ մրցանակակիրները հնարավորություն են ունենալու տեսաձայնագրելու մեկ կրթական մոդուլ, որի կատարման դեպքում յուրաքանչյուրը պարգևատրվելու է 1.000.000  ՀՀ դրամի չափով՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը:

 

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, իսկ ըստ ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի՝ պահանջվող փաստաթղթերը փոխանցել ԵՊՀ գիտական քարտուղարին:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատողների, նրանց ընտանիքների և ուսանողների հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ից սկսվում է Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում սենյակների ամրագրման գործընթացը։
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար: