16.06.2022 | 
Կրթություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ձեզ և ձեր հարազատներին պետք է համակի հպարտության զգացումը, քանի որ կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող Մայր բուհում անցկացրած տարիները եղել են ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև ինտելեկտուալ բացահայտումների, անթիվ ձեռքբերումների, անմնացորդ նվիրումի և որպես քաղաքացի լիարժեք ձևավորվելու ժամանակաշրջան:

Այս խորհրդանշական օրն իր մեջ ամփոփում է մեր շրջանավարտների երկարամյա աշխատանքը, մեր դասախոսների փորձն ու վարպետությունը, կրթական գործընթացն ապահովող բոլոր աշխատակիցների ջանքն ու ներդրումը։

 

Այսուհետ ձեզ պետք է համակի նաև պատասխանատվության զգացումը, քանի որ պետք է ապացուցեք, որ համալսարանում անցկացրած տարիները եղել են արդյունավետ ու բովանդակալից։ Ձեր գործունեությամբ դուք պետք է նպաստեք ավելի արդար ու կիրթ հասարակություն, առավել հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործին։ Այժմ ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինենք մենք, ինչպիսի նպատակներ կսահմանենք և ինչպես կվերարժևորենք մեր ունեցածն ու երազածը՝ այդ նպատակների իրագործմանը հասնելու համար։

 

Սիրելի՛ շրջանավարտներ, միշտ հիշեք, որ մարտահրավերներին դիմակայելու համար մեզ անհրաժեշտ են գիտելիք, հմտություն, երևակայություն և ստեղծագործականություն: Իմացեք, որ կրթությունն է, որ օգնելու է մեզ ավելի լավ ճանաչել ու հասկանալ աշխարհը, և հենց կրթության միջոցով ենք կարողանալու աշխարհն ավելի լավը դարձնել, ուստի երբեք չդադարեցնեք ինքնակրթվելը։

 

Գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացմանն ուղղված կառավարության որոշումը, ԵՊՀ-ում իրականացված բարեփոխումներն ու նոր ծրագրերը վկայում են, որ մեր երկրում այսօր գիտությամբ զբաղվելը արժևորված է ու պատվաբեր, և ես հուսով եմ, որ ձեզանից շատերն իրենց խոսքը կասեն նաև այս ոլորտում` շարունակելով մեր ունեցած լավագույն ավանդույթները, իրականացնելով արդյունավետ հետազոտություններ, լուծելով տարբեր խնդիրներ և գրանցելով նշանակալի ու արժեքավոր արդյունքներ։

 

Սիրելի՛ շրջանավարտներ, եղե՛ք ստեղծագործ, համարձակ, օգտվե՛ք ձեզ ընձեռված բոլոր հնարավորություններից, և թող ուսումնառության ընթացքում ստացած ձեր գիտելիքներն ու հմտություններն առաջնորդեն ձեզ ձեր երազանքները իրականացնելու, մեր պետության արժանապատիվ քաղաքացի լինելու և հզոր ու երջանիկ երկիր կառուցելու ճանապարհին։

 

Վստահեցնում եմ, որ Երևանի պետական համալսարանը միշտ լինելու է ձեր կողքին, որ կարողանաք առավելագույնս իրագործել ձեր ներուժը և բավականություն ստանաք ձեր աշխատանքից։

 

Ապագայի կերտման ճանապարհին մենք ձեր մշտական գործընկերն ենք, աջակիցն ու հովանավորը, և ես վստահ եմ, որ Համալսարանի հետ անխախտ միասնության զգացողությունը մշտապես կապրի ձեր սրտերում։

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
«ՄԵՐ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ». ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՋՈԶԵՖ ՄՈՄՋՅԱՆ
ԵՊՀ այս տարվա շրջանավարտներից է եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ջոզեֆ Մոմջյանը, ում հետ զրուցել ենք համալսարանում ստացած կրթության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ապագայի պլանների և այլ հարցերի շուրջ։