01.09.2021 | 
Հասարակություն
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ.Պ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի´ համալսարանականներ, նոր ուսումնական տարվան ընդառաջ Երևանի պետական համալսարանը ջերմորեն ողջունում է կրթության և գիտության հաջողությունների վաղվա օրը կերտողներիդ:

Մայր բուհում ձեզ սպասվում են նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ և նոր մարտահրավերներ։ Վստահ եմ՝ «Համալսարանական» պարտավորեցնող կոչումը ստանձնելու եք մեծ պատասխանատվությամբ և պատվով եք ներկայացնելու Երևանի պետական համալսարանը մեր հայրենիքում և դրա սահմաններից դուրս։ Որակյալ կրթություն ստանալու մրցապայքարը ժամանակակից աշխարհում թևակոխում է նոր փուլ։ Երևանի պետական համալսարանն իր պրոֆեսորադասախոսական կազմով ու բարեփոխումների նոր ծրագրով պատրաստ է ձեզ ապահովելու մրցունակ գիտելիքներով, ստեղծագործ միջավայրով և որակյալ կրթությամբ։ Ուսումնառությունը բարդ ու տքնաջան աշխատանք է, որը ձեզանից պահանջելու է համալսարանականին բնորոշ էթիկա, համագործակցային մթնոլորտ և պատասխանատվության բարձր զգացում։

Մեր երկրին պատուհասած համավարակի ու պատերազմի պայմաններում մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները հսկայական անելիքներ ունեն նոր մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու և անցյալի սխալները թույլ չտալու համար։ Որակյալ կրթությունը, առաջադեմ գիտական միտքը և կարգապահությունն են այն զենքերը, որոնցով մենք պայքարելու ենք նորօրյա արհավիրքների դեմ, և վստահ եմ՝ հաջողելու ենք ու հաղթանակած ենք դուրս գալու այս պայքարից։

Սիրելի´ համալսարանականներ, սեպտեմբերի 1-ին յուրաքանչյուրս պետք է մուտք գործենք մայր բուհ մեր հայրենիքի, համալսարանի ու մեր առջև դրված խնդիրների լուծման բարձր գիտակցումով ու պատասխանատվությամբ։ Երևանի պետական համալսարանում առկա են բարձրորակ կրթության և արդյունավետ հետազոտական աշխատանքի իրականացման համար լավագույն պայմաններ, մարզամշակութային բազմազան միջոցառումներ կազմակերպելու լայն հնարավորություններ: ԵՊՀ-ն մեր երկրի բարձրագույն կրթության համակարգում առաջատարի իր դիրքն ապահովում է արհեստավարժ պրոֆեսորադասախոսական կազմի և ջանասեր ուսանողների շնորհիվ:

Նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորում եմ բոլոր համալսարանականներին, մաղթում բազում ձեռքբերումներ և հաջողություններ ուսումնական տարվա ու հետագա գիտահետազոտական գործունեության ընթացում:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.`

Հովհաննես Հովհաննիսյան

Այլ նորություններ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԵՎ ՈՐԱԿՆԵՐՍ ԿԻՍՈՒՄ ԵՄ ՇՐՋԱՊԱՏԻՍ ՀԵՏ. ԴԱ ԻՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է». ԺԱՍՄԵՆ ԱՂԱՍՅԱՆ
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանի կյանքում համալսարանական արժեքներն ու բարքերը մեծ դերակատարություն են ունեցել:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Հայ-չինական համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Չինաստան և Հայաստան. կառավարում և բարձրորակ համագործակցություն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում» խորագրով առցանց գիտաժողովը: