23.02.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:

Հաշվի առնելով ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման գործում ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխատածավալը, կարևորությունը, պարապմունքների անցկացման սկզբունքներն ու դասավանդման մեթոդները՝ ԵՊՀ-ում դասընթացները, կախված գնահատման ձևից, լինում են 4 տեսակ՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման և ստուգարքային:

 

Կիսամյակի առաջին երկու շաբաթների ընթացքում դասախոսն ուսանողներին տեղեկացնում է գիտելիքի ստուգման ձևերի, հանձնարարությունները կատարելու ժամկետների, հարցաշարերի թեմատիկ ընդգրկման, ինչպես նաև գնահատման մեթոդների ու չափանիշների մասին: Քննաշրջանի ժամանակացույցն ուղարկվում է ուսանողների համալսարանական էլհասցեին:

 

Ընթացիկ քննությունների, ստուգումների, ինքնուրույն աշխատանքների, ստուգարքների և եզրափակիչ քննությունների գնահատականները հրապարակելու օրը ուսանողն իրավունք ունի գնահատող դասախոսին կամ քննական հանձնաժողովին ներկայացնելու բողոքարկում իր գնահատականի վերաբերյալ: Բողոքարկմանը հաջորդող անհամաձայնության դեպքում ուսանողը իրավասու է նույն օրը գրավոր դիմելու դասընթացը կազմակերպող ամբիոնի վարիչին, անհրաժեշտության դեպքում՝ կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարին:

 

Որպես պաշտոնական տեղեկացում ուսանողի համալսարանական էլհասցեին է ուղարկվում գնահատականներն ամփոփող տեղեկագիրը:

 

Ուսանողը, ստուգելով համալսարանական էլհասցեին ուղարկված տեղեկագիրը, որևէ անճշտություն նկատելու դեպքում հնարավորություն ունի գրավոր բողոքարկելու իր գնահատականը՝ դիմելով կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարին ոչ ուշ, քան գնահատականի մասին պաշտոնական տեղեկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում. հակառակ դեպքում՝ ուսանողի դիմումին ընթացք չի տրվում, և գնահատականը մնում է անփոփոխ:

 

Ուսանողը ուսումնական գծով պրոռեկտորի թույլտվությամբ հիմնավորում ներկայացնելու դեպքում հնարավորություն ունի ժամկետից շուտ հանձնելու քննությունները կամ առանձին ստուգարքներ (քննություններ):

 

Ուսանողի՝ ինքնուրույն աշխատանքների կատարումը խթանելու նպատակով Երևանի պետական համալսարանում պարբերաբար ներդրվում են հետադարձ կապի նոր մեխանիզմներ, որպեսզի դասախոսները և ուսանողները կիրառեն գնահատման արդյունքները՝ որպես դասավանդման և ուսումնառության շարունակական բարելավման միջոց:

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում գիտական խորհրդի որոշմամբ բացվել է մագիստրատուրայի ուսանող, Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Գևորգ Արշակյանի անվան փիլիսոփայական հետազոտությունների և բանավեճի ակումբ:
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Սոցիալական աշխատողի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ գործակցության շրջանակում կազմակերպել էր «Սոցիալական աշխատողների մասնագիտական կոմպետենտության երաշխավորման հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողով: