17.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՊՀ-ՈՒՄ
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում Փիլիսոփայի և Ուսանողի միջազգային տոների առթիվ «Արևահովիտ. հայոց արժեհամակարգային միասնականության հարթակ» մշակութային-գիտակրթական հիմնադրամի հետ կնքվեց հուշագիր, ինչպես նաև դրամական պարգևներ հանձնվեցին նախապես հայտարարված էսսեների մրցույթի հաղթողներին:

Համագործակցության շրջանակում նախատեսվում է կազմակերպել, փիլիսոփայական գիտության զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ գիտական կոնֆերանսներ, սեմինարներ, դասախոսություններ, ինչպես նաև մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների հրատարակում և այլն:

 

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, մեզ հետ զրույցում կարևորելով այս համագործակցությունը, անդրադարձավ դրա շրջանակում կազմակերպված մրցույթին:

 

 

«Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում կազմակերպված մրցույթը փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրության մեծացմանն ուղղված լավագույն միջոցներից է: Հատկանշական է, որ դրան կարող էին դիմել այլ համալսարանների տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Կարելի է ասել, որ այն նպաստում է նաև միջհամալսարանական կապերի ամրապնդմանը»,- ասաց դեկանը:

 

«Արևահովիտ. հայոց արժեհամակարգային միասնականության հարթակ» մշակութային-գիտակրթական հիմնադրամի հիմնադիր Վանո Դադոյանը մեզ հետ զրույցում արժևորեց ԵՊՀ-ի հետ համագործակցությունը: Նրա խոսքով՝ համալսարանը կարևոր դերակատարում ունի ոլորտի զարգացման գործում: 

 

 

«Պատահական չէ, որ հայտարարված մրցույթի հիմքում եղել է ժամանակակից աշխարհում փիլիսոփայության դերն ընդգծելը: Մեր օրերում այն՝ որպես գիտություն, զարգանալու միտում ունի: Ի դեպ, մեր ապագա ծրագրերում նպատակ ունենք կազմակերպելու այնպիսի գիտաժողովներ, որոնց շրջանակում կխրախուսվեն նաև դասախոսական կազմի աշխատանքները»,- ընդգծեց Վ. Դադոյանը:

 

 

Մրցույթի կազմակերպիչ, փ.գ.թ., դոցենտ Սիլվա Պետրոսյանի խոսքով՝ փիլիսոփայության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը պետք է շեշտակի ավելանան: Անդրադառնալով մրցույթի կազմակերպմանը՝ նա նշեց. «Փիլիսոփայությունը պետական հոգածության առարկա է, և դրա խրախուսումը չափազանց կարևոր է: Կարծում եմ՝ այս մրցույթը այդ ուղղությամբ կատարված լավագույն քայլերից է»:

 

 

Հատկանշական է, որ մրցույթին մասնակցել են տարբեր բուհերի ուսանողներ, որոնցից հաղթող է ճանաչվել ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի երեք և Ս. Պետերբուրգի եվրոպական համալսարանի մեկ ուսանող:

 

 

Մրցույթի հաղթող, ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Մյասնիկ Սահակյանը մեզ հետ զրույցում կարևորեց այսօրինակ մրցույթների դերը: Մյասնիկի խոսքով՝ դրանք հնարավորություն են տալիս զարգացնելու նաև գիտական մտածողությունը:

 

 

Խոսելով իր տպավորություններից՝ նա նշեց. «Այսպիսի մրցույթները ողջունելի են, քանի որ խթանում են փիլիսոփայության և այլ՝ ոչ այնքան արդիական համարվող ոլորտների զարգացումը։ «Հայաստանյան արդի ճգնաժամերը և փիլիսոփայությունը» թեմայով էսսեում վերլուծել եմ վերջին մի քանի տարիների ճգնաժամային դեպքերը՝ մատնանշելով փիլիսոփայության անտեսման և առաջացած խնդիրների պատճառահետևանքային կապը և շեշտելով այդ խնդիրների լուծման գործում փիլիսոփայության կարևորությունը»։

 

Հավելենք, որ միջոցառման ավարտին կողմերը միմյանց նվիրեցին մասնագիտական գրքեր:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: