10.01.2023 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱՐԿՄԱՆ ՈՒ ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՎ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱՐԿՄԱՆ ՈՒ ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի ղեկավարությամբ իրագործվող «Տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչների ներդրում և զարգացում բուհական կրթական ծրագրերում» գիտական թեման ԵՊՀ-ում անցկացվող գիտական ներքին դրամաշնորհների մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման:

Գիտական խմբի ղեկավարի խոսքով՝ գիտահետազոտական ծրագրի առաքելությունը բուհերի ուսանողների տրամաբանական, վերլուծական և քննադատական մտածողությունը, ինչպես նաև կառուցողական բանավեճ վարելու, փաստարկելու և ճարտասանական հմտությունները զարգացնող գործիքակազմի, հատուկ դասընթացների, մասնագիտական կրթական ծրագրերը հարստացնող բաղադրիչների մշակումն է:

 

Մեզ հետ զրույցում Հ. Հովհաննիսյանն ասաց. «Մասնագիտական և ոչ մասնագիտական ֆակուլտետներում տրամաբանության դասավանդման գործընթացի բարելավման նպատակով մշակվում են ծրագրային-մեթոդական և ուսումնական նյութեր, կազմվում է գործնական առաջադրանքների և վարժությունների շտեմարան-ձեռնարկ: Կատարվում են նաև փաստարկման, հռետորիկայի, բանավեճի հիմնահարցերի հետազոտման բնագավառում տեսական ժառանգության, ժամանակակից հայեցակարգերի ակադեմիական ուսումնասիրություններ ու հրապարակումներ և դրանց հիման վրա՝ բուհական դասընթացների ծրագրային և մեթոդական բարելավման փաթեթի մշակում: Այս երկու բաղադրիչները փոխկապակցված են և լրացնում են միմյանց»:

 

 

Հետազոտական խումբն այժմ կատարում է տրամաբանության գործնական առաջադրանքների, վարժությունների և խնդիրների բուհական ձեռնարկ-շտեմարանի ստեղծման աշխատանքներ: Այն հրատարակման է ներկայացվելու հաջորդ տարի: Նախատեսվում է նաև մշակել և հրատարակել հռետորաբանության (հռետորիկայի տեսության) արժեքավոր դրվագները բովանդակող քրեստոմատիկ ժողովածու: 

 

Իրականացման առաջին տարում մշակվել և փիլիսոփայության բաժնի կրթականծրագրում ներդրվել է «Մտածողության տեխնոլոգիաներ» դասընթացը:

 

Անդրադառնալով ծրագրի շրջանակում անցկացված դասախոսություններին՝ մեր զրուցակիցը նշեց. «Հետազոտական գործունեությանը զուգահեռ՝ կազմակերպվել են տեսական սեմինարներ, հրավիրյալ պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը կարդացել է դասախոսություններ «Փիլիսոփայության ներկան և հեռանկարները», «Հոլովակային մտածողություն», «Կրեատիվ մտածողություն», «Փիլիսոփայության պրոյեկտայությունը», թեմաներով: Պատրաստվում է «Գիտակցություն և արհեստական ինտելեկտ» դասընթացը»:

 

 

Հատկանշական է, որ ծրագրի շրջանակում մշակվող դասընթացներն ու դասախոսությունները պահանջարկ ունեն տեղական ու միջազգային կրթական հաստատությունների և կազմակերպությունների կրթական ծրագրերում:

 

Գիտական խմբի կազմում ընդգրկված են ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, ծրագրի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Ատոմ Վարդումյանը, ՀՊՄՀ ակադ․ Գ․ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, փ․գ․դ․ Հասմիկ Հովհաննիսյանը, Ղրիմի Վ․ Ի․ Վերնադսկու անվան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, դ․գ․դ․, հրավիրյալ պրոֆեսոր Օլեգ Գաբրիելյանը և ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրանտ Ալինա Գրիգորյանը:

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։