Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Հետերոցիկլիկ ամինաթթուների սինթեզի ԳՀ լաբորատորիա
2009 թվականին քիմիայի ֆակուլտետի դեղագործական քիմիայի ամբիոնին կից ստեղծվել է «Հետերոցիկլիկ ամինաթթուների սինթեզի» գիտահետազոտական լաբորատորիան:

Բնագավառը` Կենսօրգանական քիմիա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

Մշակել տարբեր բնույթի ու կառուցվածքի հետերոցիկլիկ ռադիկալներով օպտիկապես ակտիվ (S)- և (R)-a-ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի արդյունավետ մեթոդներ, սինթեզել նոր հետերոցիկլիկ տեղակալված ամինաթթուներ, հետազոտել և պարզաբանել նրանց կառուցվածքն ու բացարձակ կոնֆիգուրացիան և ուսումնասիրել նրանց հակամանրէային և այլ հատկությունները: Հիմնական ուղղություններն են.

  • Ni(II) իոնի առաջացրած հարթ-քառակուսային կոմպլեքսների` որպես պիրիդօքսալֆոսֆատ-կախյալ ֆերմենտների մոդելային համակարգերի կատարելագործում,
  • Կողքային շղթայում հետերոցիկլիկ օղակներ պարունակող նոր օպտիկապես ակտիվ (S)- և (R)-a-ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի մեթոդների մշակում,
  • Կողքային ռադիկալում ացետիլենային կապեր պարունակող (S)- և (R)-a-ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի մեթոդների մշակում:


Արդիականությունը


Կենսամիմետիկ ասիմետրիկ սինթեզը համարվում է բնական մետաբոլիտների քիրալային նմանակների սինթեզի արդյունավետ մոտեցումներից մեկը: Այդպիսի միացությունների շարքին են դասվում նաև ոչ սպիտակուցային ամինաթթուները, որոնք որպես ֆերմենտների ոչ դարձելի ինհիբիտորներ, օժտված են ֆիզիոլոգիական ակտիվության մեծ պաշարով և առանձնահատուկ հետաքրքրության են արժանացել ժամանակակից դեղագործության, բժշկագիտության, մանրէաբանության և գիտության ու տեխնիկայի այլ բնագավառներում: Այսօր հայտնի են բազմաթիվ հակաքաղցկեղային, հակավիրուսային, հակահիպերտենզիվային և այլ դեղապատրաստուկներ, որոնց դեղաբանորեն ակտիվ ագլիկոնը համարվում է ոչ սպիտակուցային ամինաթթու կամ նրանից կազմված պեպտիդ: Բացի դրանից, ոչ սպիտակուցային ամինաթթուների ներդրումը կնսաբանական և կենսաքիմիական հետազոտություններում բերել է նոր շարքի կենսապատրաստուկների հայտնաբերմանը: Հատկապես կարևոր են ոչ սպիտակուցային բնույթի հետերոցիկլիկ տեղակալված α-ամինաթթուները, որոնք օտար են օրգանիզմի համար ինչպես կառուցվածքով, այնպես էլ հետերոատոմների բնույթով: Դեղագործության մեջ մեծ հետաքրքրություն կարող են առաջացնել նաև կողքային ռադիկալում ացետիլենային կապերով օպտիկապես ակտիվ a-ամինաթթուները, որոնք տարբեր ֆերմենտների ակտիվ ինհիբիտորներ են: Անհրաժեշտ է նշել, որ գրականության մեջ նկարագրված հետերոցիկլիկ տեղակալված ամինաթթուների թիվը խիստ սահմանափակ է, դրանք հայտնի են օպտիկապես ոչ ակտիվ ռացեմատ խառնուրդների տեսքով: Էնանտիոմերապես մաքոր հետերոցիկլիկ տեղակալված ամինաթթուների սինթեզի ուղղությունը սկսած 2000թ-ից հաջողությամբ զարգացվում է ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնում: Արդեն սինթեզված են տասնյակ նոր հետերոցիկլիկ տեղակալված (S)- և (R)-a-ամինաթթուներ: Հետևաբար կողքային ռադիկալում նոր բազմաբնույթ հետերոցիկլիկ և ացետիլենային կապերով տեղակալիչներ պարունակող օպտիկապես ակտիվ α-ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի արդյունավետ մեթոդների մշակումը այսօր խիստ հեռանկարային խնդիր է:


Նպատակները եւ խնդիրները

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կատարել հետեւյալ հետազոտությունները.

  • Սինթեզել նոր արդյունավետ ամինաթթվային և դեհիդրոամինաթթվային սինտոններ` մոդիֆիկացված և չմոդիֆիկացված քիրալային օժանդակ ռեագենտների և ամինաթթուների (ներառյալ պրոպարգիլ գլիցինի) ու դեհիդրոամինաթթուների Շիֆի հիմքերի հետ Ni(II) իոնի առաջացրած հարթ-քառակուսային կոմպլեքսներ,
  • Հետազոտել ամինաթթվային կոմպլեքսներին հետերոցիկլիկ էլեկտրոֆիլ ագենտնրի ասիմետրիկ կոնդենսման ռեակցիաները` համապատասխան էնանտիոմերապես հարստացված a-հետերոցիկլիկ տեղակալված (S)- և (R)-a-ամինաթթուների առաջացմամբ,
  • Հետազոտել դեհիդրոամինաթթվային կոմպլեքսներին հետերոցիկլիկ նուկլեոֆիլ ագենտների ասիմետրիկ միացման ռեակցիաները` համապատասխան էնանտիոմերապես հարստացված β- հետերոցիկլիկ տեղակալված (S)- և (R)-a-ամինաթթուների առաջացմամբ,
  • Հետազոտել պրոպարգիլգլիցինի կոմպլեքսի ացետիլենային մնացորդին տարբեր կառուցվածքի ալկիլհալոգենիդների կոնդենսման ռեակցիան` Cu(I) իոնի կատալիզի պայմաններում (Սոնոգաշիրայի ռեակցիա)` կողքային ռադիկալում ացետիլենային կապ պարունակող նոր օպտիկապես մաքուր ամինաթթուների անջատմամբ,
  • Սինթեզել զանազան կառուցվածքի հետերոցիկլիկ a- և β-տեղակալված, ինչպես նաև կողքային ռադիկալում ացետիլենային կապերով (S)- և (R)-a-ամինաթթուների նմուշներ, հետազոտել և պարզաբանել նրանց քիմիական կառուցվածքն ու բացարձակ կոնֆիգուրացիան, ինչպես նաև ուսումնասիրել սինթեզված նմուշների հակամանրէային և այլ կենսաբանական հատկությունները:



Տեխնիկական հագեցվածություն.

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնին կից բազային լաբորատորիան նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունի հետևյալ սարքավորումները:

  • հալման կետի որոշման սարք,
  • ռոտորային գոլորշիացուցիչներ,
  • մագնիսական խառնիչներ,
  • էլեկտրոնային կշեռքներ,
  • վակոււմ չորացման պահարան,
  • անալիտիկ կշեռք,
  • ջրի թորման սարք,
  • պոլյարիմետր,
  • կոլբատաքացուցիչներ,
  • վակուում պոմպեր,
  • ՈՒՖ լամպ,
  • ջրային պոմպ,
  • մեխանիկական խառնիչներ

 

Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.

Գիտահետազոտական լաբորատորիայի կողմից իրականացվել և իրականացվում է`
  • 2000-2012թթ. դրամաշնորհներ ISTC #A-56; ISTC #A-683; ISTC #2780; ISTC #A-1247; ISTC #CI-073; ISTC #A-1677,
  • 2010-2011 դրամաշնորհ ECSP-09-93-SASP,
  • 2012-2014թթ. Հայ-գերմանական VolkswagenStiftung դրամաշնորհ lD Az 86 223,
  • 2012-2013թթ. Հայ-ֆրանսիական դրամաշնորհ IE-034,
  • 2013-2015 Հայ-ռուսական դրամաշնորհ 13RF-054,
  • 2013-2014 դրամաշնորհ YSSP-13-40


ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Աշոտ Սերոբի Սաղյան, քիմ. գիտ.դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գլխավոր գիտաշխատող:


Լաբորատորիայի աշխատակիցներ`

Արփինե Վարդգեսի Գեոլչանյան, քիմ.գիտ.թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող,
Սաթենիկ Ղուկասի Պետրոսյան, քիմ.գիտ թեկնածու, ավագ գիտաշխատող,
Անահիտ Մխիթարի Հովհաննիսյան, կենս.գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Աննա Ֆելիքսի Մկրտչյան, քիմ.գիտ թեկնածու, գիտաշխատող,
Հայարփի Մանթաշի Սիմոնյան, քիմ.գիտ թեկնածու, գիտաշխատող



Հեռ.՝ (+374 60) 710411; (ներքին 34-11)
Ֆաքս՝ (+374 10) 559355
Էլ.փոստ՝ saghyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ