Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Ընդհանուր կենսաբանության ԳՀ լաբորատորիա
Ընդհանուր կենաբանության լաբորատորիան կազմավորվել է 2005 թ:

Ընդհանուր կենսաբանության լաբորատորիայում իրականացվում են վեց թեմաներով ֆունդամենտալ հետազոտություններ`

  • Ընդհանուր կենսաբանության լաբորատորիա, բուսաբանության և սնկաբանության ենթաբաժին Բուսաբանության և սնկաբանության լաբորատորիայում կատարված գիտահետազոտական աշխատանքները Ուսումնասիրվում է Հայաստանի բնական և արհեստական էկոհամակարգերի տարբեր տաքսոնոմիական և էկոլոգիական խմբերի միկոբիոտան` մարդու միկոզների հարուցիչները, ֆիտոտրոֆ և հողային, սննդամթերքը և արդյունաբերական նյութերը աղտոտող սնկերը: Տարվում են աշխատանքներ սննդամթերքը աղտոտող միկոտոքսիգեն սնկերի հայտնաբերման ուղղությամբ: Հայաստանի և Ղարաբաղի առանձին քիչ ուսումնասիրված տարածքներում իրականացվում է սնկերի կենսաբազմազանության մոնիտորինգ: Ուսումնասիրվում են էկտոմիկորիզային սնկերը, որոնց գույքագրման և գենետիկական կենսաաշխարհագրական (ծագումնաաշխարհագրական) հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ է համակցել մոլեկուլային, մորֆոլոգիական և աշխարհագրական մոտեցումները: Կատարվում են հետազոտություններ բարձր արդյունավետություն ունեցող ուտելի սնկերի հայտնաբերման և ընտրության ուղղությամբ` դրանք սնկարտադրության և դեղագործության մեջ օգտագործելու համար, ինչպես նաև պաթոգեն միկրօօրգանիզմների աճը ճնշող բուսական էքստրակտների կենսաբանական ակտիվության ուսումնասիրության ուղղությամբ: Աշխատակիցների ուսումնասիրությունների հիման վրա հրատարակվել են «Հայաստանի միկոֆլորա» բազմահատորյակի 7 հատոր, նվիրված պերոնոսպորային, հիֆոմիցետային, ալրացողային, միաբջիջ պիկնիդիալ միկրոմիցետներին, ժանգասնկերին և բազիդիալ մակրոմիցետներին: Հրատարակվել են նաև 40 մենագրություն և ուսումնամեթոդական ձեռնարկ:
  • Ընդհանուր կենսաբանության լաբորատորիա, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ենթաբաժին Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի գիտական լաբորատորիայում կատարված գիտահետազոտական աշխատանքները Մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի գիտական լաբորատորիայում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ հետևյալ ուղղություններով. 1.Հայկական ֆլորայի մի շարք բույսերի մեկուսացված կուլտուրաների ստացում, վերջիններիս երկրրորդային մետաբոլիզմի ուսումնասիրություն հակաբակտերիական և ցիտոտոքսիկ ակտիվությամբ օժտված միացությունների հայտնաբերման, ինչպես նաև նրանց որպես բանական ներկերի աղբյուրի օգտագործման նպատակով: 2. Բուսաբուծության մեջ մանրէաբանական ծագում ունեցող ֆիտոխթանիչների օգտագործման հնարավորության ուսումնասիրություն և նրանց ազդեցության մեխանիզմների պարզաբանում: 3. ՀՀ տարբեր տարածաշրջանների կաթնամթերքներից անջատված կաթնաթթվային բակտերիաների կենսաբազմազանության և կենսատեխնոլոգիական ներուժի ուսումնասիրություն, ինչպես նաև անոմալ երկրաքիմիական և ջերմային տեղանքներից անջատված էքստրեմոֆիլ բակտերիաների հավաքածուների ստեղծում հետագայում կենսատեխնոլոգիայում կիրառելու նպատակով:
  • Ընդհանուր կենսաբանության լաբորատորիա, գենետիկայի և բջջաբանության ենթաբաժին Գենետիկայի և բջջաբանության գիտական ենթաբաժնում կատարվող գիտահետազոտական աշխատանքները Գենետիկայի և բջջաբանության ենթախմբում իրագործվում է Հայաստանում տարածված բիոգեն և տեխնոգեն գործոնների գենետիկական ակտիվության ուսումնասիրությունը: Խմբի գիտական գործունեության հիմնական արդյունքները հանդիսանում են տվյալները ԴՆԹ-ի և քրոմոսոմային վնասվածքների վերաբերյալ Հայաստանում գենետիկական ռիսկի հետևյալ խմբերում. Չեռնոբիլի վթարի հայ լիկվիդատորներ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի աշխատողներ, ընտանեկան Միջերկրածովյան տենդով, լեյկեմիայով, ի ծնե արատներով հիվանդներ և ռադիոթերապիա անցած քաղցկեղով հիվանդներ: Իրագործվել է Հայաստանի աղտոտված վայրերում բույսերի քրոմոսոմային և կետային մուտացիաների մոնիտորինգ: Ենթախմբում իրագործվում է նաև քսենոբիոտիկների մուտագենության ուսումնասիրությունը Երևան քաղաքի տարբեր շրջաններում տրադեսկանցիայի տեստ-համակարգի կիրառմամբ: Իրականացվել է Երևանի տարացքում որոշ գետերի ջրերի գենոտոքսիկության գնահատում տրադեսկանցիայի առէջաթելերի մազիկների և միկրոկորիզների տեստերի կիրառմամբ: Մոդելային փորձերում և ուսումնասիրված գետերի ջրերում բացահայտված է ծանր մետաղների գենոտոքսիկությունը: Ստացված տվյալները վկայում են օգտագործված տեստերի բարձր զգայունության մասին և թույլ են տալիս երաշխավորել նրանց կիրառումը ջրերի գենոտոքսիկության մոնիտորինգի համար:
  • Ընդհանուր կենսաբանության լաբորատորիա, Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ենթաբաժին Տ. Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի լաբորատորիայում կատարված գիտահետազոտական աշխատանքները Ներկայումս գիտական աշխատողները ուսումնասիրում են օրգանիզմի վե•ետամարմնական ֆունկցիաները կարգավորող նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմները թրթռման և թթվածնաքաղցի ազդեցության պայմաններում: Մասնավորապես ուսումնասիրվում է անդաստակային վերլուծիչի կոճղեզային կորիզների (վերին, կողմնային, միջային և ստորին), ուղեղիկի ենթակեղևային կորիզների (վրանի և միջանկյալ) և երկարավուն ուղեղի շնչառական կենտրոնի նեյրոնային ակտիվության փոփոխությունները տարբեր տևողությամբ թրթռման, թթվածնաքաղցի ազդեցության և դելաբիրինտացիայի պայմաններում: Ուսումնասիրվող գոյացությունների նեյրոնային ակտիվությունը հետազոտվում է կենսաբանական գոյացությունների համար մշակված համակարգչային ծրագրով, որը հնարավորություն է տալիս գրանցել և վերլուծել նեյրոնային ակտիվությանը բնորոշ տասնյակից ավել ցուցանիշներ: Ուսումնասիրվում է նաև պրոլինով հարուստ PRP-1-ի նեյրոպրոտեկտորային ազդեցությունը դելաբիրինտացիայի պայմաներում նեյրոդեգեներացիայի վերականգնման գործընթացում:
  • Ընդհանուր կենսաբանության լաբորատորիա, կենդանաբանության ենթաբաժին Կենդանաբանության գիտական լաբորատորիայում կատարվող գիտահետազոտական աշխատանքները Ուսումնասիրվում են Հայաստանի տարածքում հանդիպող երկկենցաղների, սողունների և մանր կաթնասունների սիմպատրիկ պոպուլյացիաներում տեսակների միջև գործող էկոլոգիական, էթոլոգիական և միկրոէվոլյուցիոն մեխանիզմները: Սիմպատրիկ պոպուլյացիաներում կուսածին և երկսեռ տեսակներին պատկանող ժայռային մողեսների հիբրիդիզացիայի արդյունքում առաջացող հիբրիդների և ծնողական ձևերի գենետիկական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունը, ինչպես նաև կուսածին տեսակների և նրանց հիբրիդ առանձյակների տարիքի և բազմացման առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Ախտոտվածության տարբեր աստիճաններով բնութագրվող ջրամբարներում ապրող երկկենցաղների փայծաղի, լյարդի մորֆոֆունկցիոնալ առանձանա-հատկությունների փոփոխությունների ուսումնասիրությունը:
  • Ընդհանուր կենսաբանության լաբորատորիա, Էկոլոգիայի և բնության պահպանության ենթաբաժին Էկոլոգիայի և բնության պահպանության գիտական լաբորատորիայում կատարվող գիտահետազոտական աշխատանքները - Արփի լճի և նրա ջրահավաք ավազանի տարածքի կառավարման տնտեսական հեռանկարի գնահատման համար կատարվում են համալիր էկոլոգիական ուսումնասիրություններ: - Կենսաբանական անվտանգություն, բույսերի գենետիկական ռեսուրսների կենսաբազմազանության պահպանություն և կայուն օգտագործում:



ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Լիա Լևոնի Օսիպյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ:




Հեռ.՝ (+374 10) 552352
Էլ.փոստ՝ losipyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ