Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման ԳՀ լաբորատորիա
2005 թվականին ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետի Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ամբիոնին կից ստեղծվել է Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման ԳՀ լաբորատորիա:

Բնագավառը` Քվանտային ֆիզիկա, քվանտային տեխնոլոգիաներ


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

  • Գերսառը քվանտային գազեր,
  • Ատոմական օպտիկա և ատոմական ինտերֆերոմետրիա,
  • Քվանտային թունելացում, բազմուղի ցրում և լոկալիզացիա ոչ կարգավորված քվանտային պոտենցիալների վրա,
  • Գերհաղորդականության և գերհոսելիության քվանտային մակրոերևույթներն աստղաֆիզիկայում,
  • Գրավիտացիոն ալիքների ճառագայթման աստղաֆիզիկական աղբյուրներ,
  • Կիսահաղորդչային և մետաղական բարակ թաղանթներում նանոչափ կառուցվածքների խտացման և գրանցման տեխնոլոգիաներ, դրանց ֆիզիկական հատկությունների նկարագրության քվանտամեխանիկական մոդելներ


Արդիականությունը


Ժամանակակից բարձր տեխնոլոգիաների ֆիզիկան քվանտային ֆիզիկայի նոր և արագ զարգացող բնագավառ է, որն օգտագործում է քվանտային մեխանիկայի կոնտրինտուիտիվ հատկանիշները, մասնավորապես քվանտային խճճվածությունը և քվանտային թունելացումը, այնպիսի կիրառական տիրույթներում ինչպիսիք են ատոմական ինտերֆերոմետրիան, քվանտային չափագիտությունը, քվանտային ինֆորմատիկան և այլն: Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս կազմակերպել եւ վերահսկել բարդ բաղադրիչներով համալիր համակարգեր, որոնց զգայնությունը, հաճախ նաև հետազոտվող մեծությունների ցանկը, սկզբունքորեն անհասանելի են դասական օրինաչափություններով գործող սարքավորումների համար: Նկատենք, որ հետազոտությունները, անկախ կիրառական նպատակներից, որպես կանոն անց են կացվում են գերսառը քվանտային գազերում, որոնք ունեն մի շարք, ինչպես հաշվողական, այնպես էլ փորձարարական առավելություններ: Շարունակում են մնալ արդիական նաև մակրոսկոպիկ քվանտային երևույթները, որոնք կիրառական քվանտային ֆիզիկայի հետ մեկտեղ հաջողությամբ կիրառվում և իրենց զարգացումն են ստանում բարդ և հաճախ առեղծվածային երանգով աստղաֆիզիկական երևույթների մեկնաբանման, դրանց ֆիզիկական մոդելների ձևավորման և դիտողական փաստերով հիմնավորման համար:


Նպատակները եւ խնդիրները

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կատարել հետեւյալ հետազոտությունները.

  • Լազերային ֆիզիկայի, մասնավորապես` գերսառեցման, մեթոդները հնավորություն են տալիս ուսումնասիրելու և վստահելիության բարձր աստիճանով ղեկավարելու ատոմների քվանտամեխանիկական վարքը տարբեր արտաքին պայմաններում, ինչն անհրաժեշտ է քվանտային տեխնոլոգիական սարքերի և նանոչափ կիսահաղորդչային կառուցվածքների իրականացման համար: Այստեղ մեր հետազոտությունները կենտրոնացված են լինելու լուսային քվանտների և ատոմի միջև էներգիայի և իմպուլսի փոխանակման օրինաչափությունների ուսումնասիրմանը, նկատի ունենալով քվանտային սուպերպոզիցիոն և խճճված վիճակների հնարավոր առկայությանը ատոմական և ֆոտոնային ենթահամակարգերում, երկմակարդակ և եռամակարդակ ատոմի ստացիոնար վիճակների համար անալիտիկ նոր մոտարկումների ստացմանը միաչափ պարբերական պոտենցիալի դաշտում և դրանց հնարավոր կիրառություններին ատոմական օպտիկայում և ատոմական ինտերֆերոմետրիայում: Մասնավորապես ատոմական ինտերֆերոմետրերում փնջի ճեղքման անկյունն առայժմ շատ փոքր է, ինչը կիրառական հնարավորությունները հեռու է պահում տեսականորեն թույլատրելի սահմանից: Մենք վերջերս առաջարկել և նախնական տեսական հիմնավորում ենք տվել լազերային սառեցման տեխնոլոգիաների սահմաններում հնարավոր մի մեխանիզմի, որի միջոցով հնարավորություն կա հասնելու փնջի ճեղքման անկյան առնվազն մեկ կարգով մեծացմանը,
  • Բաբախիչները, որոնք հայտնի են որպես նեյտրոնային աստղեր, դրսևորվում են իրենց ճառագայթային սպեկտրի բազմազանությամբ՝ սկսած ռադիոճառագայթումից մինչև ռենտգենյան և փափուկ գամմա ճառագայթում: Դեռևս չբացահայտված են մնում այն մեխանիզմները, որոնց միջոցով աստղի պտտական շարժման կամ մագնիսական էներգիան փոխակերպվում են էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիայի: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ուսումնասիրել քվանտային մրրիկների շարժման օրինաչափությունները աստղի կորիզում և երևույթները, որոնք տեղի են ունենում աստղի պատյանում: Մեր հետաքրքրությունների սահմանում է մնալու նաև նեյտրոնային աստղերում մագնիսական դաշտի գեներացիան և նրանցում դաշտի բաշխման խնդիրը,
  • Վերջերս խմբում առաջարկվել է քվանտային սուպերպոզիցիայի հիման վրա լազերային անընդհատ ճառագայթումից լուսային գերկարճ և հզոր իմպուլսների հաջորդականության ստացման մեխանիզմ: Մենք շարունակելու ենք այդ հետազոտությունները, ակտիվ միջավայրը ատոմական գազերից անցում կատարելով միաէլեկտրոն կիսահաղորդչային քվանտային կետեր պարունակող համակարգերի: Առայժմ մենք նպատակ ունենք ստանալ անալիտիկ և թվային մոտարկումներ էլիպսոիդալ համաչափությամբ օժտված քվանտային խոռոչում էլեկտրոնի քվանտային վիճակների մասին: Հեռակա նպատակներն այստեղ երկակի են, ինչպես ղեկավարվող պարամետրերով կոմպակտ չափերի գերկարճ լուսային իմպուլսների աղբյուրների մշակում, այնպես էլ քվանտային կետերի պարամետրերի չափիչ սարքեր, հիմնված դրանց նկատմամբ գեներացվող լուսային իմպուլսների զգայնության վրա,
  • Նանոկառուցվածքների փորձարարական ուսումնասիրությունների մի մասը կընդգրկի կիսահաղորդչային նանոբյուրեղներ պարունակող սիլիկատային ապակիների ստացումն ու դրանց օպտոէլեկտրական հատկությունների ուսումնասիրությունը: Մյուս մասը կընդգրկի լազերային փոշեցրման եղանակով կիսահաղորդչային նանոբյուրեղներ պարունակող թաղանթների ստացումը: Հետազոտությունների նպատակն է լինելու պարզել նանոբյուրեղներում ճառագայթային ռեկոմբինացիայի հնարավորությունը, կախված նրանց ստացման տեխնոլոգիական ռեժիմներից:



Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.

Գիտահետազոտական լաբորատորիայի կողմից իրականացվել և իրականացվում է`
  • Quantum correlations and entanglement in multi-well systems, Alexander von Humboldt foundation / 06.2011-06.2012,
  • Equipment subsidy, Alexander von Humboldt foundation / 11.2009-11.2010,
  • Peculiarities of propagation in initially prepared atomic medium, Alexander von Humboldt foundation / 08.2009-08.2010,
  • Quantum gases in optical lattices, Alexander von Humboldt foundation / 03.2007-03.2009,
  • Light propagation in prepared medium , National Foundation of Science and Advanced Technologies (NFSAT) / 2006-2007,
  • Modulational instabilities and pattern formation in cold atomic gases, Nationalal Foundation of Science and Advanced Technologies (NFSAT)/ 2005-2006:




ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Դավիթ Մհերի Սեդրակյան, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:


Լաբորատորիայի աշխատակիցներ`

Ատոմ Ժորայի Մուրադյան, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, գլխավոր գիտաշխատող,
Դավիթ Հայրապետի Բադալյան, ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ավագ գիտաշխատող,
Պետիկ Գրիգորի Պետրոսյան, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, գիտաշխատող,
Ռուբեն Ցոլակի Գաբրիելյան, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, գիտաշխատող,
Լյովա Նազարեթի Գրիգորյան, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, գիտաշխատող,
Մեխակ Վազգենի Հայրապետյան, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Գևորգ Ատոմի Մուրադյան, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող,
Հովսեփ Մկրտիչի Առաքելյան, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, գիտաշխատող,
Լևոն Ռուբենի Սեդրակյան, ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու, կրտսեր գիտաշխատող,
Իրինա Էդուարդի Եղյան, լաբորանտ

Աշխատակիցներ




Հեռ.` (+374 10) 571388
Էլ.փոստ` dsedrak@ysu.am, muradyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ