Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

Ամփոփելով ուստարին՝ Ուսանողական գիտական ընկերությունը ներկայացրեց անցնող կիսամյակի հաջողությունները, ձեռքբերումներն ու բացթողումները: Բարի ավանդույթ դարձած ընդլայնված նիստերը նպատակ ունեն խրախուսելու նաև ֆակուլտետային ՈՒԳԸ-ների ակտիվ գործունեությունն ու լավագույն անդամներին:

 

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը ողջունեց ՈՒԳԸ-ականներին՝ նշելով, որ հաշվետու կիսամյակի ընթացքում կառույցը հասցրել է իրականացնել մի շարք գիտաժողովներ, սեմինար-դասընթացներ, գիտաճանաչողական այցեր, ֆիլմի դիտումներ և այլն: Ըստ Մհեր Հակոբյանի՝ դրանք տարեցտարի կատարելագործվում են՝ շնորհիվ այն ուսանողների, ովքեր, ջանք ու եռանդ չխնայելով, կազմակերպում և իրականացնում են տարաբնույթ միջոցառումներ:

 

Ընդլայնված նիստի ընթացքում բարձր գնահատվեց հատկապես Իրավագիտության, Պատմության, Ռոմանագերմանական բանասիրության և Սոցիոլոգիայի ֆակուլտետների ՈՒԳԸ-ների գործունեությունը: Ինչ վերաբերում է գերազանց գնահատականներին, ապա լավագույն եռյակում այս կիսամյակում հայտնվել են երեքը՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Ռադիոֆիզիկայի և Պատմության ֆակուլտետների ՈՒԳԸ-ները:

 

ԵՊՀ ՈՒԳԸ նախագահը կառույցի ներկայացուցիչներին հորդորեց ավելի ակտիվ լինել և մեծ ջանքեր գործադրել՝ ֆակուլտետային ՈՒԳԸ-ների գործունեությունը բարձր նշաձողի հասցնելու համար:

 

ՈՒԳԸ-ի գործունեության կիսամյակային հաշվետու միջոցառմանը ներկա էր նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Պրոռեկտորը ողջունեց ներկաներին, խոսեց ՈՒԳԸ գործունեությունից, ինչպես նաև պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին մագիստրատուրայի ընդունելությանը, տարկետման իրավունքով սահմանված տեղերին, ինչպես նաև ասպիրանտուրայում պարտադիր պայման հանդիսացող հոդվածների առկայությանը:

 

 

Տեղեկացնենք նաև, որ 2017 թ.-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ն իր հիմնական շեշտը կդնի գիտական մտածողության բարձրացմանը միտված սեմինար-դասընթացների վրա: Կկազմակերպվեն նաև երիտասարդական համաժողով, ինչպես նաև միջազգային գիտաժողով, որը նվիրված կլինի ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակին:

 

Միջոցառման ավարտին գերազանց գնահատականի արժանացած ֆակուլտետային ՈՒԳԸ-ները պարգևատրվեցին հավաստագրերով և մասնագիտական գրքերով:

Ուսանողական, ասպիրանտական և դասախոսական ամենամյա գիտաժողովներն Իրավագիտության ֆակուլտետում բարի ավանդույթ են դարձել: Շուրջ 10 տարի է, ինչ դրանք իրականացվում են: Բացի այդ՝ լավագույն զեկուցումները տպագրվում են  առանձին ժողովածուների տեսքով:

 

9 զեկուցում և տարաբնույթ հարցեր ու մեկնաբանություններ: Քննարկվեցին նաև այս կամ այն հարցի վերաբերյալ գործընկերների տեսակետները: Հարցադրումների հիմնական մասը վերաբերում էր իրավական ակտերին, դրանցում առկա թերություններին և սահմանումներին: Ընդհանուր առմամբ՝ Իրավագիտության ֆակուլտետի գիտական հոդվածների ժողովածուում նախատեսվում է ներառել 33 զեկուցում:

 

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը բարձր է գնահատում գիտաժողովների անցկացումը և նշում, որ պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ տարեկան ամփոփիչ գիտաժողովները հնարավորություն են տալիս ավելի խորությամբ բարձրաձայնելու իրավական դաշտի խնդիրները, մարտահրավերները և այլն:

 

Ըստ դեկանի՝ գիտական արդյունքների ամփոփմամբ հանդես գալը օգնում է դասախոսներին հանդես գալու նոր ուսումնասիրություններով. «Զեկուցումները հետագայում ներառվում են այս կամ այն մասնագիտական գրքում: Այդ տեսանկյունից խիստ անհրաժեշտ է ապագա և գործող իրավագետներին պահել գիտական զարգացումների մեջ»:

 

Հատկանշական է, որ ուսանողների և դասախոսների գիտաժողովների թեմաները որոշվում են նախապես: Ֆակուլտետի գիտխորհուրդը քննարկում է իրականացնում, որից հետո որոշվում է ներկայացվելիք զեկուցումների մասնագիտական նեղ շրջանակը, դրանց տրվում են թեմատիկ ուղղվածություններ: 

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի և «Հակամարտությունների և խաղաղության հետազոտման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային գիտաժողովի հիմնական նպատակն է քննարկել տարածաշրջանային հիմնախնդիրները և դրանց ազդեցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրա, ինչպես նաև ամրապնդել հարևան պետությունների միջև առկա տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութային կապերը:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը ողջունեց հյուրերին և ընդգծեց, որ գիտաժողովը թույլ կտա նախագծել երեք պետությունների հետագա զարգացման տեսլականները և ի մի բերել այն նվաճումներն ու ձեռքբերումները, որոնք կյանքի են կոչվել նշված տերությունների և ժողովուրդների հարաբերությունների արդյունքում վերջին քառորդ դարի ընթացքում:

 

«Վստահ եմ, որ այս գիտաժողովն իր տեղը կզբաղեցնի տարածաշրջանի երեք հինավուրց և բարձր մշակույթ ստեղծած ժողովուրդների դարավոր հարաբերությունների պատմության տարեգրության մեջ: Ժողովուրդներ, որոնք, այսօր թոթափելով անցյալի բեռը, վստահ հայացքով են նայում դեպի ապագան»,- նշեց դեկանը:

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նույնպես կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը գիտական հարթակներում և նշեց, որ միայն այն փաստը, որ Հայաստանի արտաքին առևտրի 100 տոկոսն անցնում է Վրաստանի և Իրանի տարածքներով, ինքնին խոսում է այն մասին, որ տվյալ երկրների հետ կապերն ամենակարևորն են մեր պետության համար:

 

Ներածական խոսքերից հետո զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին, ով անդրադարձավ քաղաքացիական հասարակության մեջ խաղաղ համակեցության վրա իսլամի մարգարեի և կրոնական առաջնորդների մոտեցումներին:

 

Հավելենք, որ գիտաժողովի ընթացքում զեկուցումներ ներկայացրին նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետների, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական, Թբիլիսիի պետական համալսարանների, Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի, ինչպես նաև «Ինտեգրացիա և զարգացում» ու Խաղաղության և վերաինտեգրման տարածաշրջային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Ավետիս Ահարոնյան» միջազգային գիտաժողովը, որի խնդիրն է քննության առնել ոչ միայն Ավետիս Ահարոնյան քաղաքական գործչին, այլև գրողին, հրապարակախոսին ու ազգային գործչին: Խորհրդային համակարգն ամենայն ջանասիրությամբ փորձել է ջնջել նրա գրական գործունեությունը, և ընթերցողների լայն շրջանակներին դրանք չեն հասել, բայց Հայաստանի անկախացումից հետո տեղացի և սփյուռքահայ մասնագետները ձեռնամուխ են եղել դրանց երկրորդ կյանք տալուն:

 

Հենց այդ նպատակին միտված գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Սփյուռքի և ԿԳՆ ներկայացուցիչներ, Սփյուռքից ժամանած բազմաթիվ հյուրեր ու գիտնականներ: Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի համոզմամբ՝ ինչպես իր ժամանակի շատ գործիչներ, Ահարոնյանը ևս կարող էր դասական գրող կամ դասական պատմաբան դառնալ, բայց իր ապրած ժամանակը թույլ չտվեց:

 

«Ավետիս Ահարոնյանը որքան էլ մերժված ու փակի տակ մնաց խորհրդային տարիներին, հանրահայտ չէ նաև այսօր: Այս գիտաժողովը մի տեսակ երախտիքի արտահայտում է Ահարոնյան մեծ գործչին, ով իր գիտակից ողջ կյանքը, ֆիզիկական ու հոգևոր բոլոր հնարավորությունները նվիրաբերեց իր ժողովրդին ու կանգնեց պետականության կերտման ակունքներում: Միջազգային չափազանց աննպաստ իրողությունների պատճառով իրականություն չդարձան Սևրն ու Վիլսոնյան Հայաստանը, այն հանգրվանները, որոնց նվիրվել էր Ահարոնյանը, բայց 1920 թ.-ի օգոստոսի 10-ը նա հայտարարել էր իր կյանքի ամենաերջանիկ օրը»,- ելույթում նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

Գիտաժողովին թեպետ անձամբ չէին կարողացել ներկայանալ, բայց ողջույնի ուղերձներ էին հղել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Քննադատաբար ասվում է, որ Համազգայինը Հայաստանում անդրադառնում է բացառապես Սփյուռքում գործած մտավորականներին: Դա ճիշտ է, դրա պատճառն էլ՝ պարզ: Նիկոլ Աղբալյանի, Լևոն Շանթի, Համաստեղի և Հակոբ Օշականի նման հեղինակները քաղաքական պատճառներով երկար ժամանակ հայրենիք մտնելու «մուտքի արտոնագիր» չունեին: Ազգային գործիչ-մտավորականն իր կյանքի ընթացքում, իբրև մտքի առաջնորդ, անհրաժեշտ էր իր հասարակությանը, իսկ մահից հետո, իբրև օրինակելի տիպար՝ երիտասարդության համար: Նորագույն անկախությունից քառորդ դար հետո այս մասով թերացել ենք: Առաջին հանրապետության գործիչները ո՞ր դասագրքերում են պահված»,- իր վրդովմունքն է հայտնում Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը:

 

Շուրջ երկու տասնյակի հասնող զեկուցումներում հեղինակները խոսում են Ավետիս Ահարոնյան մարդու, քաղաքացու ու գրողի, դիվանագիտական գործունեության մասին, ընդգծում նրա գործերի, ինքնակենսագրական պատումի գեղարվեստական արժեքը, գեղարվեստական արձակի առանձնահատկությունները: Բացի առանձին ստեղծագործությունների վերլուծությունից՝ առանձին ուշադրության են արժանացել նաև նրա՝ բարբառների և փոխառությունների կիրառումը, թեմատիկան և այլն: Պատմական տեսանկյունից էլ ներկայացվում են նրա ինչպես կենսագրական, այնպես էլ քաղաքական դեռևս քիչ բացահայտված մանրամասներ:

 

Գիտաժողովն ընթանում է 3 նիստերով, իսկ առաջիկայում նախատեսվում է զեկուցումներն ամբողջությամբ հրատարակել առանձին գրքի տեսքով:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ողջունեց նստաշրջանի մասնակիցներին և ընդգծեց, որ ամենամյա բնույթ կրող միջոցառումը, որը յուրօրինակ հաշվետվություն է իրականացրած գիտական հետազոտությունների վերաբերյալ, կարևոր է երիտասարդ գիտնականների համար:

 

«Նմանաբնույթ միջոցառումները ոչ միայն ավանդական բնույթ են կրում, այլև, կարծես, ամփոփում են ուսումնական տարին: Գիտական նստաշրջանի ընթացքում երիտասարդ հետազոտողը լսարանի առջև ելույթ ունենալու և իր խոսքը ճիշտ կառուցելու հնարավորություն է ստանում, ինչը լավ փորձառություն է ատենախոսությունը պաշտպանելուց առաջ»,- նշեց Գագիկ Ղազինյանը և հավելեց, որ ամփոփիչ գիտական նստաշրջաններ են կազմակերպվում նաև ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար:

 

Դեկանը նշեց նաև, որ ֆակուտետի ղեկավարությունը շուրջ 42 հայտ է ստացել ասպիրանտներից ու հայցորդներից, սակայն լսարանի առջև ելույթ ունենալու հնարավորություն ստացել են միայն 22-ը:

 

«Բնականաբար, բոլորը չէին կարող ելույթ ունենալ մեկ գիտական նստաշրջանի ընթացքում, սակայն գիտական բոլոր զեկուցումները, որոնք հետագայում հոդվածների տեսք են ստանալու, կտպագրվեն ԵՊՀ գիտխորհրդի միջնորդությամբ ԲՈՀ-ում որպես գիտական նյութերի ժողովածու գրանցված գրքում»,- ասաց Գագիկ Ղազինյանը:

 

Ներֆակուլտետային բնույթ կրող երկօրյա նստաշրջանի ընթացքում իրենց ուսումնասիրությունները կներկայացնեն շուրջ 22 ասպիրանտներ ու հայցորդներ: