Ենթակառուցվածքներ | Բաց Գիտություն

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲԱՑ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի բաց հասանելիության քաղաքականությունը մշակվել է Եվրոպական Միության կողմից համաֆինանսավորված «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացում» ԷՐԱԶՄՈՒՍ+ ՄԻՆԵՐՎԱ ("MINERVA-Strengthening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia" (Ref. nr.: 597912-EPP-1-2018-1-MD-EPPKA2-CBHE-SP) of Erasmus+, the Key Action 2 Capacity Building in the field of Higher Education) ծրագրի շրջանակներում:

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարկված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները, և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում ներկայացված տեղեկության օգտագործման համար:

«Երևանի Պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ ԵՊՀ) բաց հասանելիության քաղաքականությունը (այսուհետ՝ Քաղաքականություն) հիմնված է ստորև ներկայացված սկզբունքների վրա:


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

• Քաղաքականության նպատակն է ապահովել անվճար առցանց հասանելիություն պետական կամ հանրային ֆինանսական աջակցությամբ իրականացված հետազոտությունների արդյունքներին:
• Գիտահետազոտական արդյունքների բաց հասանելիությունը (Open Access) հիմնված է գիտելիքի՝ որպես հանրային բարիքի ճանաչման և դրանից բխող սոցիալական ու տնտեսական օգուտների վրա:
• Գիտահետազոտական արդյունքների լայն ու արդյունավետ տարածումը
ԵՊՀ-ի՝ որպես հետազոտական պետական կազմակերպության առանցքային դերակատարումներից է։
• Բաց հասանելիության ապահովման միջոցով գիտահետազոտական արդյունքների տեսանելիության շրջանակի ընդլայնումը նպաստում է հրատարակումների ազդեցության ընդլայնմանը:
• Համալսարանական պահոցում արխիվացվող ԵՊՀ գիտահետազոտական աշխատանքներն ապահովվում են դրանց համակարգմամբ, երկարաժամկետ պահպանությամբ, ինչպես նաև նպաստում են ԵՊՀ գիտական արդյունքների հետագա տարածմանը, դրանց ներքին և արտաքին գնահատումների համար անհրաժեշտ հասանելիությանը:

2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

• Հրատարակում (Publication) - հաստատությունում ընդգրկված հետազոտողների գրախոսված և հրատարակված (կամ հրատարակման փուլում գտնվող) աշխատանք (հոդվածներ, մենագրություններ, հատվածներ գրքից, զեկույցներ, գիտաժողովի նյութեր):
• Հետազոտող (Researcher) է համարվում ԵՊՀ-ի՝ ցանկացած մակարդակում գործունեություն ծավալող գիտահետազոտական համակազմի անդամ՝ անկախ նրա կարգավիճակից:
• ԵՊՀ-ում ստեղծված հանրահասանելի համալսարանական պահոցը (Institutional Open Access Repository) («Երևանի պետական համալսարանի համալսարանական պահոց») - համապատասխանում է միջազգային չափանիշներին, պարունակում է տարբեր գիտակարգերի վերաբերյալ թվային բովանդակություն և տրամադրում է իր թվային հավաքածուների որոնման հանրահասանելի ու ժամանակակից գործիքներ:
• Թվային նմուշ(Digital Copy) հրատարակման վերջին փուլում գտնվող նյութի էլենտրոնային տարբերակն է (կամ հեղինակի աշխատանքի գրախոսումից հետո առկա վերջնական տարբերակը, կամ հրատարակչի տարբերակը):
• Հետազոտական տվյալներ (Research Data) - վերաբերում են այն տվյալներին (վիճակագրական տվյալներ, փորձարկումների, չափումների ու դիտարկումների արդյունքներ, հարցազրույցի ձայնագրություններ, նկարներ և այլն), որոնք օգտագործվում են գիտական հրատարակումներում ներկայացված գիտահետազոտական արդյունքները հավաստելու համար:
• Էմբարգո(Embargo) - այն ժամանակահատվածն է, որի ընթացքում պահոցում ի պահ հանձնվող հրատարակումը կարող է «փակվել» (այսինքն՝ հրատարակումը հասանելի չէ):
• Մետատվյալներ (Metadata) - այն նկարագրիչներն են, որոնք կիրառվում են ի պահ հանձնված նյութը նկարագրելու, հետագծելու, օգտագործելու և կառավարելու համար (մասնավորապես՝ հրատարակման խորագիրը, հեղինակ(ներ)ը, աշխատանքի վայրը, հրատարակումն ընդունած ամսագրի անվանումը):
• Համապատասխան պահոց (Suitable Repository) - այն պահոցն է, որն ապահովում է գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հանրահասանելիությունը, մշտական նույնացուցիչների (DOI կամ այլ) միջոցով հղում կատարելու հնարավորությունը, ինչպես նաև տրամադրում է որակական մետատվյալներ (ներառյալ հետազոտության ֆինանսավորման հավաստումը)՝ հիմնված ընդունելի ուղենիշների և չափանիշների վրա:

3. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականից ի վեր ԵՊՀ-ն առաջադրում է հետևյալ պահանջները.
• ԵՊՀ հետազոտողները համալսարանական պահոցում ի պահ են հանձնում իրենց բոլոր հրատարակումներին առնչվող մետատվյալները (հեղինակային նյութի վերջնական տարբերակը կամ հրատարակչի տարբերակը)՝ հրատարակման ընդունելու պահից: Հետազոտողները կրում են իրենց հրատարակումները համալսարանական պահոցում սահմանված ժամկետում ի պահ հանձնելու պատասխանատվությունը:
• Հրատարակումները ներկայացվում են ամբողջական տեքստային տարբերակով՝ համաձայն 1-ին կետում նշված պահանջի, այն է՝ ապահովել աշխատանքների հանրահասանելիությունը դրանք պահոցում ի պահ հանձնելու պահից սկսած կամ դրանից հետո՝ հնարավորինս սեղմ ժամկետում: Բոլոր դեպքերում մետատվյալները պետք է հանրահասանելի լինեն: Գրախոսվող հրատարակումների դեպքում ի պահ հանձնված նյութը կարող է փակ մնալ մինչև 6 ամիս (կամ մինչև 12 ամիս՝ հասարակական և հումանիտար գիտությունների ոլորտներում հրատարակվող նյութերի դեպքում): Մենագրությունների ի պահ հանձնումը պարտադիր է, բայց դրանց հասանելիությունը փակ է մինչև հրատարակչի էմբարգոյով նախատեսված ժամկետի լրանալը:
• Ապահովվում է ի պահ հանձնվող ոչ հասանելի («փակ») հրատարակումների ամփոփագրերի բաց հասանելիությունը՝ այդ աշխատանքների տեսանելիության մակարդակը բարձրացնելու նպատակով:
• ԵՊՀ-ի անդամների գիտահետազոտական աշխատանքների անհատական ու հաստատութենական գնահատումների նպատակով բուհն ընդունելի է համարում միայն այն հրատարակումները, որոնց մետատվյալները և ամբողջական տեքստերն ի պահ են թողնված համալսարանական պահոցում՝ վերոնշյալ պահանջներին համապատասխան:
• ԵՊՀ-ն խրախուսում է հետազոտողներին իրենց հրատարակումներին առնչվող հետազոտական տվյալներն ի պահ հանձնել համալսարանական պահոցում կամ հանրահասանելի տվյալների համապատասխան այլ պահոցում:
• ԵՊՀ-ն խրախուսում է իր աշխատակիցների հեղինակային իրավունքի պահպանումը, իսկ հրատարակիչներին վերապահում է միայն այն իրավունքները, որոնքանհրաժեշտ են հրատարակման համար:
• ԵՊՀ-ն խրախուսում է հետազոտողներին համալսարանական պահոցում ի պահ հանձնել այն հրատարակումները, որոնք հեղինակվել են մինչև ընթացիկ քաղաքականության ուժի մեջ մտնելու ամսաթիվը և հնարավորության դեպքում դրանք հանրահասանելի դարձնել:

4. ԲԱՑ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ

ԵՊՀ-ն՝
• հանրահասանելիությունն ապահովում է դրան նվիրված սեմինարների, միջոցառումների, իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքների, կրթության և վերապատրաստումների իրականացման միջոցով:
• մշտադիտարկում է քաղաքականության համապատասխանությունը՝ պահոցում առկա բովանդակությունն ինդեքսավորման ծառայություններից հավաքագրված տեղեկության, ինչպես նաև օգտագործման վերաբերյալ տեղեկության (մուտքեր, ներբեռնումներ) հետ համեմատելու միջոցով՝ ըստ հրատարակման/բաժնի/միավորի/ ինստիտուտի և այլն:
• տրամադրում է մարդկային ռեսուրսներ և ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են հանրահասանելիության քաղաքականության իրականացման համար:
• տրամադրում է հղումներ և ստեղծում է այլ տվյալների շտեմարանների (օրինակ՝ Google Scholar) հետ փոխօգտագործման հնարավորություն:




Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ