Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժինը հիմնադրվել է 1949 թվականին, բանասիրական ֆակուլտետի կազմում, իսկ 1999 թվականի հոկտեմբերի 1-ին ստեղծվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

Լինելով երիտասարդներից մեկը համալսարանում` կրթական գործընթացի կազմակերպման ոլորտում դրսևորած ճկուն քաղաքականության շնորհիվ ֆակուլտետը հենց սկզբից ձեռք է բերել մի շարք առավելություններ, որոնք հիմք են տալիս ասելու, որ ժուռնալիստիկա մասնագիտության ուսուցումը իրականացնող բուհերի համանուն ֆակուլտետների շարքում այն եղել և մնում է առաջատարը:


Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ: Առաջին աստիճանը բակալավրիատն է: Չորսամյա ուսուցման ընթացքում ուսանողները ստանում են բարձրագույն լրագրողական կրթություն, որը, ըստ էության, բավարար է լրագրողի մասնագիտությամբ զբաղվելու համար:


Ֆակուլտետում գործում է մագիստրոսական ծրագիր, որն առաջարկում է երկամյա կրթություն: Ժուռնալիստիկա անվամբ այդ ծրագիրը նախատեսում է խորացնել մասնագիտական գիտելիքները, մեծացնել ժուռնալիստիկայի և հաղորդակցության ոլորտում գիտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները:


Մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներն ուսումնառությունը շարունակում են ասպիրանտուրայում, համալրում պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարքերը:


Ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործում է 2 ամբիոն` մամուլի պատմության ու տեսության և ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի, որոնց աշխատանքներում ներգրավված են փորձառու և բարձրակարգ մասնագետներ: Նրանց մի մասը ֆակուլտետի շրջանավարտ է: Իրենց փորձն ու հմտությունները ապագա լրագրողներին փոխանցում են նաև հանրապետության առաջատար լրատվամիջոցներից հրավիրված աշխատակիցներ, Հայաստանում գործող միջազգային կառույցների ներկայացուցիչներ:


Ֆակուլտետում ստեղծված են լավագույն պայմաններ` ուսանողներին տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ հաղորդելու, նրանց մասնագիտական որակավորումն ապահովելու համար: Այս առումով մեծ է Գ. Անանյանի անվան մուլտիմեդիա լաբորատորիայի դերը: Այստեղ գործում են տեսաձայնագրման և մոնտաժման ժամանակակից սարքավորումներով համալրված ռադիո և հեռուստաստուդիաներ, համակարգչային սրահ` ինտերնետ կապի առկայությամբ, հարուստ գրականություն ունեցող մասնագիտական գրադարան, ինչպես նաև «Ժուռնալիստ» ուսումնական թերթի խմբագրությունը:


Ֆակուլտետում գործում է նաև էթիկայի խորհուրդ, որը մշակել է ֆակուլտետի էթիկայի կանոնագիրը:


Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նոր տեխնոլոգիաների կիրառումը կարևոր տեղ է զբաղեցնում, քանի որ ուսումնական գործընթացի մի զգալի մասն էլ իրականացվում է վիրտուալ ասպարեզում` դասախոսների և ուսանողների էլեկտրոնային շփման միջոցով: journalist.am էլեկտրոնային ուսումնական պարբերականը, որի խմբագրությունը տեղակայված է մուլտիմեդիա լաբորատորիայի Նոր մեդիայի և հաղորդակցության հետազոտությունների լսարանում, Հայաստանում միակ վիրտուալ խմբագրությունն է, ուր լրագրողների դերում հանդես են գալիս ուսանողները, իսկ խմբագիրների` դասախոսները:


Սերտ է համագործակցությունը նաև Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի հետ:


Տարեցտարի ընդլայնվում են կապերը արտերկրի առաջատար բուհերի հետ:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը համալրում են 3 դոկտոր, պրոֆեսոր և 4 դոցենտ, բանասիրական գիտությունների 9 թեկնածու: Ֆակուլտետում սովորում է 363 ուսանող, որոնցից 226-ը` բակալավրիատում, 66-ը` մագիստրատուրայում, 71-ը` հեռակա բաժնում: Լավագույն շրջանավարտները ուսումնառությունը շարունակում են ասպիրանտուրայում:


2007 թվականից գործող հեռակա բաժինը առաջիկայում մեծապես կօգնի աշխատանքային փորձ ունեցող բազմաթիվ լրագրողների, ովքեր չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, լրացնելու իմացությունների պակասը և ստանալու համապատասխան որակավորում:


Ֆակուլտետում ընդունելությունը կատարվում է լրագրություն (ժուռնալիստիկա) մասնագիտությամբ:


Կառուցվածք

  • Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոն
  • Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոն

Աշխատակիցներ




Դեկան` բանասիրական գիտությունների թեկնածու,
դոցենտ Նաղաշ Մարտիրոսյան

Դեկանատ` (+374 60) 71-05-67,
(+374 60) 71-05-68,
(ներքին 55-67, 55-68),
jourfac@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ