Օրացույց

Հեղինակի որոնում

Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ

Նորություններ

Մեզ հետ զրույցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») ավագ հետազոտող-վերլուծաբան Ռուբինա Առաքելյանը փաստեց, որ Գլոբալ նորարական եռօրյա ֆորումն («GIF») արդեն երկրորդ տարին է կազմակերպվում. «Հիմնադրամի կողմից նախաձեռնվող բոլոր ծրագրերի, այդ թվում՝ ֆորումի առաջնային նպատակն է նպաստել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը»:

 

«Մենք նպատակ ունենք հավաքագրելու և կուտակելու օտար երկրներում ստեղծագործող ու աշխատող հայ գիտնականների միտքը, ինչպես նաև այն ներդնելու Հայաստանի զարգացման գործում»,- ասաց Ռուբինա Առաքելյանը:

 

Նրա փոխանցմամբ, ֆորումին մասնակցում են աշխարհի գիտակրթական, տեխնոլոգիական տարբեր ինստիտուտների, գործարար աշխարհի, հեղինակավոր ստարտափների ներկայացուցիչներ, որոնք իրենց փորձը և գիտելիքը ներդնելու են Հայաստանում. «Բացի դրանից՝ ֆորումը հնարավորություն կտա հաստատելու նոր ծանոթություններ, ընդլայնելու համագործակցության սահմանները և գեներացնելու նոր գաղափարներ»:

 

 

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի ներկայացուցիչն ասաց, որ այսօր կազմակերպված քննարկումների ձևաչափով միջոցառումներ իրականացվում են նաև հայաստանյան այլ բուհերում և ինստիտուտներում. «ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են գալիս Արտեմ Օգանովը, որն առաջին անգամ չէ այստեղ, և Առնակ Դալալյանը, որը Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ է»:

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կողմից հյուրընկալված Արտեմ Օգանովի հետ հանդիպմանը մասնակցում էին համալսարանի տարբեր ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:

 

ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսորը դասախոսության ընթացքում ներկայացրեց իր կողմից մշակված «USPEX» մեթոդը, որը թույլ է տալիս կանխատեսելու նոր նյութեր, դրանց կառուցվածքը և հատկությունները: Նրա կողմից մշակված բյուրեղային կառուցվածքի կանխատեսման եզակի մեթոդը ներկայումս կիրառում են աշխարհի բազմաթիվ հետազոտողներ:

 

 

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի կողմից հյուրընկալված Առնակ Դալալյանի հետ հանդիպմանը ներկա էին ՀՀ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

 

Դասախոսության ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին առանձնացված մասի մոդելավորման և տարբեր մեթոդների հուսալիության չափման համար մաթեմատիկական տարբեր հիմքեր:

 

Քնար Միսակյան

Գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, որը նվիրված էր ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը գիտաժողովի սկզբում ողջունեց մասնակիցներին և օտարերկրյա հյուրերին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

 

«Այսօրվա գիտաժողովին մենք պատրաստվել ենք դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, այն իր ընդգրկման ծավալով, բնույթով և զեկուցումների թվով աննախադեպ է լինելու»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ գիտաժողովը կդառնա ամենամյա, և աստիճանաբար կավելանա դրա մասնակիցների թիվը:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետագա տարիների ընթացքում գիտաժողովը դառնա միջազգային և աշխարհի տարբեր երկրներից ավելի մեծ թվով մասնակիցներ ներառի»,- շեշտեց դեկանը:

 

 

Գիտաժողովի մասնակիցների զեկուցումները և դրանց լրամշակված տարբերակները հրապարակվելու են «Ժուռնալիստիկա և հաղորդակցություն» գիտական ժողովածուի հերթական համարում:

Մեզ հետ զրույցում Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ այժմ մենք ապրում ենք տեղեկատվական դաշտի վերափոխումների ժամանակահատվածում, և արհեստավարժ լրագրությունը կանգնած է լուրջ մարտահրավերներ հաղթահարելու առջև:

«Ժամանակակից լրագրության հետազոտության թեմա պետք է դառնա նաև վստահության ճգնաժամի խնդիրը, որն այսօր ապրում են ավանդական մամուլն ու լրատվամիջոցներն ամբողջ աշխարհում»,- նշեց ֆակուլտետի դեկանը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակի միջոցառումները մեկնարկել են երեկ՝ հայ առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարարի» հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանի կիսանդրու մոտ ծաղիկներ խոնարհելու արարողությամբ և շարունակվելու են մինչև հոկտեմբերի 18-ը:

Գիտաժողովը, որին մասնակցում են 15 երկրի 70 համալսարանի ներկայացուցիչներ, կազմակերպել էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:

Գիտաժողովի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:

Ողջունելով և բարի գալուստ մաղթելով ներկաներին՝ Հրանտ Ավանեսյանը նշեց, որ թվով 7-րդ գիտաժողովը խորհրդանշական է, քանի որ անցկացվում է հարյուրամյա համալսարանում:

Այնուհետև ներկաներին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Գեղամ Գևորգյանի, ինչպես նաև իր անունից ողջունեց Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը՝ շեշտելով, որ միջազգային գիտաժողովն առանձնահատուկ նշանակություն և կարևորություն ունի, քանի որ տեղի է ունենում 100-ամյա պատմություն ունեցող համալսարանում:

«Այսօր ԵՊՀ-ում են հավաքվել հոգեբաններ և փիլիսոփաներ՝ 14 երկրի 70 համալսարանից,-փաստեց նա,- ավանդույթ դարձած միջազգային այս գիտաժողովը մեզ միավորում է տարբեր հիմնախնդիրների շուրջ, երբ հայացք ենք գցում գիտաժողովի նյութերին, մեզ համար պարզ է դառնում, որ հոգեբանությունը պետք է զարգանա ոչ թե ըստ բնագավառների, այլ ըստ հիմնախնդիրների»:

Էլինա Ասրիյանը, անդրադառնալով գիտաժողովի մյուս կարևոր խնդրին, նշեց, որ այն վերաբերում է միջգիտակարգային հետազոտություններին. «Մենք շատ ենք լսել, որ ապագան միջգիտակարգային հետազոտություններինն է, այն փաստը, որ այսօր մենք միավորել ենք փիլիսոփայությունն ու հոգեբանությունը մեկ գիտաժողովի համատեքստում, ևս մեկ անգամ ապացուցում է միջգիտակարգայնության միտումը, որն այսօր կա գիտության մեջ»:

Ելույթում Էլինա Ասրիյանը խոսեց նաև գիտաժողովի վերնագրում արտացոլված խնդրի մասին:

«Վերնագրում արդեն նշված է՝ տեսական և կիրառական հոգեբանության հիմնախնդիրները,-մանրամասնեց պրոռեկտորը,- այստեղ ես տեսնում եմ երկար տարիների պատմություն ունեցող հարցադրումը. որն է ավելի կարևոր՝ հիմնարա՞ր, թե՞ կիրառական գիտությունը»:

 

Ըստ Էլինա Ասրիյանի՝ արդիական խնդիրների լուծումը թույլ կտա խոսել կիրառական հոգեբանության կարևորության մասին, բայց, եթե խոսք գնա մարտահրավերների և ապագայի խնդիրների լուծման մասին, ապա հիմնարար գիտությունն ունի իր շատ կարևոր դերը:

«Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ մեկն առանց մյուսի պարզապես գոյություն ունենալ չի կարող»,- շեշտեց  վերջինս:

Վերջում ԵՊՀ պրոռեկտորն անդրադարձավ նաև հաջողությունների պատմություններին:

Այստեղ խոսքն այն մասին է, թե ինչպես են որոշակի գաղափարներ կարևոր դառնում և երբեմն վերածվում աշխարհայացքի:

 

«Ես մաղթում եմ, որ այս միջազգային գիտաժողովի ընթացքում բարձրացված խնդիրներն ունենան իրենց հաջողությունների պատմությունը»,- խոսքը եզրափակելով՝ ասաց Էլինա Ասրիյանը:

Միջազգային գիտաժողովի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար  շնորհակալագիր հանձնվեց Ուրարտու համալսարանի ռեկտոր, հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանին, որն իր ելույթում նշեց, որ նմանօրինակ գիտաժողովները լավ հնարավորություն են նաև նոր կապեր հաստատելու համար, որոնք համատեղ  հետազոտությունների հիմք են դառնում:

Շնորհակալագրեր հանձնվեցին նաև Ամերիկյան վարքագիտական ասոցիացիայի նախագահ Հարոլդ Թաքոշյանին, «Անտարես» հրատարակչությանն ու «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնին:

Գիտաժողովի անցկացման և ԵՊՀ հարյուրամյակի կապակցությամբ շնորհավորանքներ հնչեցին նաև Ռուսական կրթության ակադեմիայի հոգեբանական ինստիտուտի ներկայացուցիչ Վարվառա Մոռոսանովայի կողմից:

Վերջինս նշեց, որ հայ գիտնականների հետ իրենց ինստիտուտը միշտ էլ ջերմ հարաբերություններ և արդյունավետ համագործակցություն է ունեցել:

«Համալսարանի հիմնադրման հարյուր տարին բուռն զարգացման, գիտական բացահայտումների և ձեռքբերումների ժամանակահատված է, և մաղթում ենք, որ դուք կանգ չառնեք ձեռքբերածով և նոր հաջողություններ գրանցեք»,- ասաց Վարվառա Մոռոսանովան: 

Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  գիտաժողովն անցկացվում է 2007 թվականից, որին միշտ մասնակցում են աշխարհի  առաջատար հոգեբաններ:

 

«Այս գիտաժողովում մենք համադրել ենք երկու կարևոր բնագավառ՝ հոգեբանական տեսություն, այսինքն՝ այն, ինչ մենք իրականացնում ենք կրթական համակարգում, և կիրառական հիմնախնդիրներ, որոնք շատ անհրաժեշտ են հոգեբանի պատրաստման և մասնագիտական գործունեություն իրականացնելու համար»,- նշեց ամբիոնի վարիչը:

Հրանտ Ավանեսյանն ավելացրեց, որ զուգահեռաբար յուրաքանչյուր տարի ավելանում է նաև սփյուռքահայ հոգեբանների մասնակցությունը գիտաժողովին, և այս տարի նախատեսվում է ստեղծել համահայկական հոգեբանների համացանց, որը համագործակցության հարթակ կլինի:

Վերջում Հրանտ Ավանեսյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի այն ուսանողներին, որոնք այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայել միջազգային գիտաժողովը հավուր պատշաճի անցկացնելու համար:

Միջոցառմանը ներկա էին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, «Ապագա» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանը, Կոլումբիայի համալսարանի ուսուցիչների քոլեջի հոգեբանության «Meaningfulworld» ծրագրի նախագահ և հիմնադիր, պրոֆեսոր Անի Քալաջյանը, Ֆորդհեմի համալսարանի պրոֆեսոր, Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի ներկայացուցիչ Հարոլդ Թաքուշյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Նա ողջունեց ներկաներին և ասաց, որ Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ, 1992 թվականից սկսած, հոկտեմբերի 10-ին նշվում է Հոգեկան առողջության միջազգային օրը:



Ամբիոնի վարիչը նշեց, որ օրվա կարևոր իրադարձություններից է նաև պրոֆեսոր Անի Քալաջյանի «Անմոռուկ» մենագրության շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը. «Այս օրերին մենք տոնում էին Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը: ԵՊՀ-ն առանցքային դերակատարում ունեցավ բոլորիս համար և՛որպես քաղաքակրթական միջավայրի ստեղծող, և՛ որպես հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպիչ»:



Կոլումբիայի համալսարանի ուսուցիչների քոլեջի հոգեբանության «Meaningfulworld» ծրագրի նախագահ և հիմնադիր, պրոֆեսոր Անի Քալաջյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ շատ ուրախ է ԵՊՀ-ում գտնվելու համար: Նա ասաց, որ առողջության կարևորագույն բաղադրիչը հոգեկան առողջությունն է:

«Կարևոր է զարգացնել ոչ միայն միտքը, այլև սիրտը: Այն գիտությունը, որը միայն մտքի մեջ է ներկայանում, գիտություն չէ»,- ասաց բանախոսը:

Սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկություն ստացան հոգեկան առողջությանը վերաբերող խնդիրների, դրանց կանխարգելման միջոցների ու բուժման ձևերի մասին:

Միջոցառման ժամանակ ներկայացվեց պրոֆեսոր Անի Քալաջյանի «Անմոռուկ» մենագրությունը, որն առաջարկում է յոթ քայլ՝ մարմինը, միտքը, ոգին և հայրենիքը բուժելու համար:



Սեմինարի վերջում ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր հղելու ներկաներին:

Մարինա Առաքելյան

Հայկական մաթեմատիկական միության և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպված նիստին մասնակցում են եվրոպական երկրների մաթեմատիկական միությունների նախագահները, այդ թվում՝ Եվրոպական երկրների մաթեմատիկական միության նախագահը:

 

Հանդիպմանը զեկուցումով հանդես եկավ նաև ԵՊՀ հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր, Հայկական մաթեմատիկական միության նախագահ Յուրի Մովսիսյանը:

 

 

«Մեր նպատակն է քննարկել մաթեմատիկայի զարգացման հարցերը եվրոպական երկրներում և Հայաստանում: Սա աննախադեպ երևույթ է, քանի որ եվրոպական երկրների մաթեմատիկական միությունների նախագահներն առաջին անգամ են Հայաստանում: Հույս ունեմ, որ այս հանդիպումը նպաստելու է Հայաստանում մաթեմատիկայի և հարակից մասնագիտությունների, հատկապես կիրառական գիտությունների, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացմանը»,- նշեց միջոցառման պատասխանատու Յուրի Մովսիսյանը:

 

Հասմիկ Ասլանյան